Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական եւ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին։
Քարփենթերը Ադրբեջանի նախագահին է հանձնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը։
«Գոհունակություն եմ հայտնում ձեր երկրի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ գրանցված առաջընթացի համար, ինչը կծառայի երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Ցանկանում եմ հավաստիացնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կայուն եւ արժանապատիվ խաղաղության ձեռքբերմանը, որը վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը»,- ադրբեջանական Turan գործակալության փոխանցմամբ ասվում է նախագահ Բայդենի նամակում։
Դրանում ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնում, որ բացի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովումից՝ խաղաղության պայմանագիրը կվերափոխի ամբողջ տարածաշրջանը՝ հնարավորություն տալով մեծացնելու առեւտուրը, ներդրումները եւ կապերը Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի միջեւ:
«Քանի որ աշխարհի ուշադրությունը COP29-ի հետ կապված սեւեռվում է դեպի Բաքուն՝ Դուք եզակի հնարավորություն ունեք ցույց տալու ձեր նվիրվածությունը խաղաղությանը: Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի չլուծված կետերը վերջնական տեսքի բերելը կպահանջի ստեղծարարություն եւ փոխզիջում երկու կողմերից էլ: Բայց վստահ եմ, որ դուք կշարունակեք օգտվել այս հնարավորությունից։ Հրավիրում եմ համաձայնագրի ստորագրումն ավարտին հասցնել այս տարի։ Ցանկանում եմ ձեզ հայտնել իմ պատրաստակամությունը այս հարցին աջակցելու համար։ Իմ վարչակազմը պատրաստ է ձեռնարկելու համարձակ նախաձեռնություններ՝ դեպի խաղաղություն ճանապարհ հարթելու համար»,- ասվում է նամակի տեքստում։
Նամակում Բայդենը նաեւ նշել է, որ Քարփենթերը կներկայացնի այն քայլերը, որոնք Վաշինգտոնը պատրաստ է կատարելու խաղաղության պայմանագիրը ավարտին հասցնելու համար։ Նա նաեւ ընդգծել է, որ կցանկանար տեղեկանալ Ադրբեջանի դիրքորոշումներին Հայաստանի հետ բանակցությունների վերաբերյալ։
«Հուսով եմ, որ դուք կօգտվեք այս հնարավորությունից՝ տարածաշրջանի համար նոր ուղի գծելու համար, որն ուղղված է փոխադարձ բարգավաճման եւ ընդհանուր բարօրության վրա»,- ասվում է նամակում։
Քարփենթերն էլ Ալիեւի հետ հանդիպմանը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի վաղ ստորագրմանը՝ նշելով, որ ներկա պայմաններում խաղաղության պայմանագիր կնքելու պատմական հնարավորություններ կան։
Ալիեւն էլ, կրկին պնդելով, որ Բաքուն է եղել խաղաղության պայմանագրի նախաձեռնողը եւ դրա հիմքում ընկած հինգ սկզբունքների հեղինակը, հայտարարել է, որ Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին։
Ադրբեջանի նախագահականի փոխանցմամբ՝ Ալիեւը նշել է, որ Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկներին միայն 70 օր անց արձագանքելը որոշակի հարցեր է առաջացնում գործընթացն առաջ մղելու Երեւանի մտադրության վերաբերյալ։
Ալեիւը կրկին նշել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտը «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջներն են», որից հետո հավելել, որ Բաքուն շարունակելու է վճռական քայլեր ձեռնարկել գործընթացն առաջ մղելու համար։