Վաշինգտոնը հետաքննում է Իրանի դեմ պատասխան քայլեր ձեռնարկելու՝ Իսրայելի ծրագրերի վերաբերյալ ԱՄՆ-ի խիստ գաղտնի հետախուզական մի շարք փաստաթղթերի արտահոսքը։ Այս մասին CNN-ին հայտնել են գործընթացին ծանոթ երեք պաշտոնյաներ։
Հոկտեմբերի 15-ով եւ 16-ով թվագրված փաստաթղթերը տելեգրամյան «Middle East Spectator» ալիքում հրապարակվել էին ուրբաթ օրը: Դրանց իսկությունը հաստատել է CNN-ի զրուցակից պաշտոնյաներից մեկը։
Փաստաթղթերն ունեցել են «Հույժ գաղտնի» մակագրությունը եւ նախատեսված են միայն ԱՄՆ-ին եւ նրա հինգ դաշնակիցներին՝ Ավստրալիային, Կանադային, Նոր Զելանդիային եւ Միացյալ Թագավորությանը ներկայացնելու համար:
Այդ փաստաթղթերում նկարագրվում են այն պատրաստությունները, որոնք Իսրայելն իրականացնում է Իրանին հարվածելու համար։ Դրանցից մեկում, որոնք CNN-ի փոխանցմամբ, պատրաստվել են ԱՄՆ Ազգային աշխարհատարածական-հետախուզական գործակալության կողմից, նշվում է, որ այդ ծրագրերը ներառում են Իսրայելի կողմից զինամթերքի տեղափոխումներ։ Մեկ այլ փաստաթղթում էլ ասվում է, որ այն ստացվել է Ազգային անվտանգության գործակալությունից եւ նկարագրում է «օդ-երկիր» հրթիռների կիրառմամբ իսրայելական օդուժի զորավարժությունները, որոնք եւս մեծ հավանականությամբ նախատեսված են Իրանին հարված հասցնելու համար:
CNN-ը ուղղակիորեն մեջբերումներ չի արել եւ չի ցուցադրել փաստաթղթերը:
Ամերիկացի պաշտոնյաներից մեկը փոխանցել է, որ այժմ հետաքննություն է տարվում, թե ով է մուտք ունեցել Պենտագոնի ենթադրյալ փաստաթղթին:
Հեռուստատեսությունը հայտնում է, որ այս արտահոսքը տեղի է ունենում ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների չափազանց զգայուն պահին եւ կարող է հանգեցնել իսրայելցիների դժգոհությանը։ Փաստաթղթերից մեկը նաեւ ընդգծում է, որ Իսրայելը մշտապես հրաժարվել է հրապարակայնորեն հաստատելուց, որ երկիրը միջուկային զենք ունի: Այդ փաստաթղթում նաեւ ասվում է, որ ԱՄՆ-ը որեւէ նախանշան չի տեսել, որ Իսրայելը ծրագրում է միջուկային զենք կիրառել Իրանի դեմ։
«Եթե ճիշտ է, որ հոկտեմբերի 1-ին Իրանի հարձակմանը պատասխանելու իսրայելական մարտավարական ծրագրերի արտահոսք է տեղի ունեցել, ապա դա լուրջ խախտում է»,- CNN-ին ասել է Մերձավոր Արեւելքի պաշտպանության փոխնախարարի նախկին տեղակալ եւ ԿՀՎ պաշտոնաթող սպա Միք Մալրոյը:
Մալրոյը հավելել է, որ «ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ ապագա համակարգումը նույնպես կարող է վիճարկվել: Վստահությունը հարաբերությունների հիմնական բաղադրիչն է, եւ կախված նրանից, թե ինչպես է տեղի ունեցել արտահոսքը, այն կարող է քայքայվել»։
ԱՄՆ մեկ այլ անանուն պաշտոնյա էլ ասել է, որ «այս երկու փաստաթղթերը վատն են, բայց ոչ սարսափելի։ Մտահոգությունն այն է, թե արդյոք դրանք շատ են»:
Հստակ չէ, թե ինչպես են փաստաթղթերը հրապարակվել, նաեւ հստակ չէ, թե դրանք արտահոսել են հաքերային հարձակումների, թե միտումնավոր գործունեության հետեւանքով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Իրանը շուրջ 200 բալիստիկ հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ավելի ուշ հայտարարեց, որ հարձակումը պատասխանն է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի, «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի եւ Լիբանանում իրանական բանակի բրիգադային գեներալ ու ռազմական խորհրդական Աբբաս Նիլֆորուշանի սպանություններին։ Կորպուսի մեկ այլ հայտարարության մեջ էլ նշվում էր, որ հաջողվել է խոցել Իսրայելի տարածքում նախանշված թիրախների շուրջ 90%-ը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Թեհրանը «մեծ սխալ է թույլ տվել եւ կվճարի դրա համար»։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին նույնպես ասել է, որ Թեհրանի գործողությունները լուրջ հետեւանքներ կունենան: Նրա խոսքերով՝ Իրանից արձակված հրթիռների դեմ արդյունավետ գործել են իսրայելական եւ ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերը։