Իրանը պաշտոնապես բողոքներ է ներկայացրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելից իրանական միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների վերաբերյալ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Իրանն այդ սպառնալիքները դիտարկում է որպես միջազգային հանրության անվտանգությանը սպառնացող վտանգ եւ դրա կապակցությամբ գրավոր բողոք է ուղարկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,- ասել է Բաղային՝ պատասխանելով հարցին, թե Թեհրանն ինչ պատասխան կտա Իսրայելի սպառնալիքներին, որի ասուլիսը հրապարակել է պետական IRIB հեռուստաալիքը։
Իրանի արտգործնախարարության ներկայացուցչի խոսքով՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու սպառնալիքն անընդունելի է եւ հակասում է միջազգային իրավունքին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Իրանը շուրջ 200 բալիստիկ հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ավելի ուշ հայտարարեց, որ հարձակումը պատասխանն է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի, «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի եւ Լիբանանում իրանական բանակի բրիգադային գեներալ ու ռազմական խորհրդական Աբբաս Նիլֆորուշանի սպանություններին։ Կորպուսի մեկ այլ հայտարարության մեջ էլ նշվում էր, որ հաջողվել է խոցել Իսրայելի տարածքում նախանշված թիրախների շուրջ 90%-ը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Թեհրանը «մեծ սխալ է թույլ տվել եւ կվճարի դրա համար»։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին նույնպես ասել է, որ Թեհրանի գործողությունները լուրջ հետեւանքներ կունենան: Նրա խոսքերով՝ Իրանից արձակված հրթիռների դեմ արդյունավետ գործել են իսրայելական եւ ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերը։