«Վրացական երազանքը» կշարունակի՞ 12-ամյա իշխանությունը, թե՞ իշխանության կգա ներկայիս ընդդիմությունը․ պատասխանը հայտնի կդառնա հոկտեմբերի 26-ին՝ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Թեմայի շուրջ «Ալիք Մեդիան» զրուցել է վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։
-Պարո՛ն Մելիքյան, ի՞նչ կարելի է ակնկալել Վրաստանի խորհրդարանական ընտրություններից։
-Երեք հավանական սցենար կարող է լինել, եթե արտակարգ իրավիճակներ չլինեն։ Առաջինի դեպքում իշխող ուժը կմնա, կշարունակվի Արեւմուտքի հետ ճգնաժամը, ինչը կհանգեցնի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման։ Սա, սակայն, չի նշանակում, որ Վրաստանը կդառնա պրոռուսական․ այլ գործոններ կան, առկա է նաեւ Չինաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի գործոնը։
Երկրորդ սցենարի դեպքում «Վրացական երազանքը» կմնա, բայց կկարողանա Արեւմուտքի հետ հարաբերությունները վերականգնել:
Երրորդ սցենարով էլ ընդդիմությունը իշխանության կգա՝ սկսելով վարել ավելի արեւմտամետ քաղաքականություն եւ գնալ, օրինակ, հակառուսական քայլերի, ինչը այս կառավարությունը չի անում։
-Նշված սցենարներից ո՞րն է նախընտրելի մեր երկրի համար։
-Երկրորդից բացի՝ մյուս երկուսը Հայաստանի համար բավականին բացասական սցենարներ են, քանի որ թե՛ Վրաստանի՝ Արեւմուտքի հետ կտրուկ հարաբերությունների խզումը, թե՛ հակառուսական քայլերի իրականացումը ազդելու են ՀՀ-ի եւ ՀՀ-ի մանեւրելու հնարավորության վրա։
Հայաստանն ուզում է, որ Վրաստանը լինի ժողովրդավար, Եվրամիության թեկնածու եւ այդ գործընթացում որոշ ձեռքբերումներ ունեցող պետություն, որը նաեւ հավասարակշռում է իր հարաբերությունները եւ հակադրության մեջ չի մտնում ՌԴ-ի հետ՝ ունենալով խնդիրներ․ այն հավասարակշռությունը, որ կար մինչեւ 2022-ի վերջը։ Այն մեզ ձեռնտու էր։
-Իշխանությունն ընտրապայքարը կառուցում է «Ընտրիր խաղաղություն, ոչ թե պատերազմ» կարգախոսով, ընդդիմությունը խոսում է ժողովրդավարությունից։
-Պետք է վերանալ այն նարատիվներից, թե Վրաստանն աշխարհաքաղաքական ընտրություն է կատարում․ հարեւան երկրում իշխանության պայքար է։ Իշխանությունն առաջ է տանում խաղաղության նարատիվը, ընդդիմությունը՝ «ՌԴ՞, թե՞ Արեւմուտք» նարատիվը, բայց այս ամենը հռետորաբանություն է, իրականությունն այլ է։ Այս բավականին լուրջ պայքարը կարելի է համեմատել նույնիսկ 2012 թվականի նախընտրական պայքարի հետ։
-Հասարակական ինչպիսի՞ տրամադրություններ կան հարևան երկրում, և դրանք ինչպե՞ս կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա։
-Վրաց հասարակությունն այժմ աննախադեպ բեւեռացված է, սակայն դա միայն Վրաստանին բնորոշ իրավիճակ չէ․ այլ երկրներում եւս նման պատկեր է։ Հետքովիդյան աշխարհում այսօր բավականին լուրջ քաղաքական, տնտեսական ճգնաժամեր կան, որոնք իրար հետ կապված են։ Երբ դրանց ավելանում են արտաքին որոշ միջամտությունները տարբեր գործընթացներում, բեւեռացումն ավելի է սրվում։ Ով էլ գա իշխանության հարեւան երկրում, բավականին լուրջ անելիքներ է ունենալու ներքաղաքական բեւեռացման ուղղությամբ։
Իշխող թիմը մեծ հավանականությամբ իր նվազագույն կարիքները կապահովի՝ օգտագործելով վարչական ռեսուրսն ու այլ լծակներ եւ մեծամասնություն կունենա պառլամենտում։ Սակայն պատկերը կարող է փոխվել՝ կախված ընտրությունների մասնակցությունից։
Եթե մասնակցությունը միջին կամ ցածր լինի, ապա իշխող թիմի շանսերը մեծանում են։ Եթե միջինից բարձր լինի, ապա ընդդիմության շանսերն են ավելանում։ Վրաց բնակչության 5-6 տոկոսը վերջին տարիներին չափահաս դարձած քաղաքացիներ են։ Եթե ընդդիմությունը կարողանա մոտիվացնել նրանց՝ գնալու ընտրատարածքներ, ապա ընդդիմության շանսերը կավելանան։
-Հետընտրական ի՞նչ գործընթացներ եք կանխատեսում։
-Շատ բան կախված է հենց ուժերի գործելակերպից։ Յուրաքանչյուրի սխալ քայլը կամ սահմանադրական կարգի դեմ ոտնձգությունը կարող է հենց իր ձախողման պատճառը դառնալ։
Եթե իշխող ուժը ստանա պառլամենտական մեծամասնություն, ընդդիմությունը չի ճանաչի ընտրությունները, եւ կսկսվեն հետընտրական գործընթացները, այդ թվում՝ փողոցային պայքարի հավանականություն կա։ Կարեւոր կլինի նաեւ արեւմտյան դիտորդական կազմակերպությունների կարծիքը, Արեւմուտքի մոտեցումը ընտրությունների արդյունքներին, ինչը կարող է ազդել հետընտրական պրոցեսների վրա։ Բայց ինչ էլ լինի, եթե այս իշխանությունը մնա, ես չեմ տեսնում արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխություն։
Թեեւ Վրաստանն իր դաշնակիցների հետ խնդիրներ ունի, սակայն դա չի նշանակում, թե ՌԴ-ին դադարելու է համարել օկուպանտ։ Վրաստանն ունի օկուպացված տարածքներ, արտաքին սպառնալիքներ եւ չի կարող Բալթյան պետությունների պես լինել ծայրահեղ հակառուսական, ինչը ՌԴ-ի կողմից կդիտարկվի որպես սադրանքի դրսեւորում։
-Ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ-ի դիրքավորումը։
-ՀՀ-ի դիրքից կարեւոր է ճանաչել Վրաստանի ընտրությունների բոլոր արդյունքները։ Մեր ուղերձը ցանկացած սցենարի դեպքում հետեւյալը պետք է լինի՝ Հայաստանը, Վրաստանի հետ ունենալով ռազմավարական հարաբերությունների մասին ստորագրված հռչակագիր, շարունակելու է այս ընտրությունների արդյունքում ձեւավորված կառավարության հետ այդ հարաբերությունները կառուցելու, խորացնելու քաղաքականությունը։
ՀՀ-ի, Վրաստանի պես փոքր պետությունները պետք է կարողանան իրենց դաշնակիցների հետ այնպիսի հարաբերություններ ձեւավորել, որ չդառնան վերջիններիս եւ նրանց հակառակորդների միջեւ կոնֆլիկտի տարածք։
Դիվերսիֆիկացիան կարեւոր է, բայց դրան ժամանակ է պետք։ Ո՛չ ՀՀ-ն, ո՛չ Վրաստանը չեն կարող կտրուկ քայլեր անել մի իրավիճակում, երբ չգիտեն՝ կոնֆլիկտն ուր կհասնի։ ՀՀ-ի, Վրաստանի տնտեսությունները կախված են ՌԴ-ից, եւ դա իրողություն է, որը չպետք է անտեսել։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: