Այսօր Ռուսաստանի Կազան քաղաքում մեկնարկում է BRIC միջպետական տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 24-ը։
Երեւանը դեռեւս սեպտեմբերի 6-ին հայտարարել էր, որ Հայաստանը գագաթնաժողովի աշխատանքներին կմասնակցի վարչապետի մակարդակով։
Վերջերս էլ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ հայտարարել էր, որ BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շփման հնարավորություններ կունենան։
«Կարծում եմ, որ մեր ղեկավարները շփման հնարավորություններ կունենան, բայց թե ինչ ձեւաչափով եւ ինչ օրակարգով, կախված կլինի այս միջազգային ֆորումի ծրագրից, որը կլինի շատ ինտենսիվ»,- նշել էր ռուս դիվանագետը։
Ռուսական TACC գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլից հայտնել են, որ BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նեղ եւ ընդլայնված կազմով։ Դրանցում առաջնորդները մտքեր կփոխանակեն գլոբալ եւ տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ եւ կքննարկեն Ռուսաստանի նախագահության նախանշած համագործակցության երեք հիմնական ուղղությունները՝ քաղաքականության եւ անվտանգության, տնտեսության եւ ֆինանսների, մշակութային եւ հումանիտար շփումների ոլորտներում:
Հոկտեմբերի 22-ին նեղ ձեւաչափով առաջին հանդիպմանը BRICS-ի ղեկավարները կքննարկեն աշխարհի ամենասուր կոնֆլիկտային իրավիճակները:
Ինչպես գործակալությանը տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, դա հնարավոր չի լինի առանց ուկրաինական ճգնաժամի քննարկման։ Սպասվում է, որ հանդիպման ընթացքում Բրազիլիան եւ Չինաստանը կներկայացնեն իրենց տեսակետները այս հակամարտությունների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ BRICS միջպետական տնտեսական համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Հարավային Աֆրիկայի կողմից: 2024 թվականին կառույցին Ռուսաստանի աջակցությամբ միացան Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եթովպիան եւ Եգիպտոսը։
Վերջին ամիսներին BRICS-ին միանալու համար պաշտոնական հայտ ներկայացրել են Ադրբեջանը, Թուրքիան եւ Մալայզիան։
Սպասվում է, որ Կազանում կայանալիք գագաթնաժողովին BRICS-ը կընդլայնվի։