ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Իսրայել, սա նրա 11-րդ ուղեւորությունն է Մերձավոր Արեւելք՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իսրայելական բնակավայրերի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումից եւ տարածաշրջանում իրավիճակի կտրուկ վատթարացումից հետո: Այս մասին հայտնում է Ynet հարթակը։
Հաղորդվում է, որ Բլինքենը Իսրայելում հանդիպումներ կունենա վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ նախագահ Իցհակ Հերցոգի հետ։
Նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ Բլինքենի շրջագայությունը Մերձավոր Արեւելք կտեւի հոկտեմբերի 21-25-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանում պետքարտուղարը մտադիր է քննարկել Գազայի հատվածում պատերազմի դադարեցման, բոլոր պատանդների ազատ արձակման եւ պաղեստինցի ժողովրդի տառապանքը թեթեւացնելու կարեւորությունը, ինչպես նաեւ Իսրայելի եւ Լիբանանի շիական «Հեզբոլլահ» կազմակերպության միջեւ ընթացող հակամարտության դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը։
Իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկների ներթափանցումից հետո, որն ուղեկցվեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ եւ մոտ 250 մարդու պատանդառությամբ։ Պաղեստինյան շարժումը այդ հարձակումն անվանել է պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների իրականացրած գործողություններին։ Արդյունքում Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին եւ սկսեց հրթիռային հարվածները, ապա նաեւ ցամաքային գործողությունները շրջանի հյուսիսում։
Իսրայելական կողմի վերջին տեղեկությունների համաձայն՝ Գազայում ՀԱՄԱՍ-ը դեռեւս պատանդ է պահում 101 մարդու։
Սեպտեմբերի 23-ին էլ Իսրայելը հայտարարեց Լիբանանում «Հյուսիսի նետեր» գործողության մեկնարկի մասին, որի նպատակը դեռ 2023-ի հոկտեմբերի սկզբից ՀԱՄԱՍ-ին աջակցող «Հեզբոլլահի» ռազմական հնարավորությունների ոչնչացումն էր։ Իսրայելը այս ընթացքում զանգվածային օդային հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքներին: Գործողության հայտարարված նպատակն է ստեղծել անվտանգ պայմաններ հրեական պետության հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի տասնյակ հազարավոր բնակիչներ, որոնք տեղահանվել էին «Հեզբոլլահի» եւ իսրայելական բանակի վերջին բախումների հետեւանքով, կարողանան վերադառնալ այնտեղ։
Սեպտեմբերի 27-ին Բեյրութին հասցված իսրայելական ավիահարվածների հետեւանքով սպանվեց «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը, իսկ հոկտեմբերի 1-ին Իսրայելի բանակը հայտարարեց Լիբանանի հարավում՝ սահմանային շրջաններում, սահմանափակ ցամաքային գործողություն սկսելու մասին։