Հարավային Կորեան դիտարկում է Ուկրաինա զենք եւ մասնագետներ ուղարկելու հնարավորությունը՝ ի պատասխան Ռուսաստանի եւ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության (Հյուսիսային Կորեա, ԿԺԴՀ) միջեւ ռազմական համագործակցության խորացման։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Նախագահի գրասենյակի պաշտոնյան նշել է, որ եթե Մոսկվայի եւ Փհենյանի ռազմական գործընկերությունը շարունակվի, Սեուլն աստիճանաբար միջոցներ կկիրառի։ Հնարավոր սցենարները ներառում են պաշտպանական եւ հարձակողական զինատեսակների փոխանցում Կիեւին։
Հարավային Կորեայի կառավարության մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ բացի այս ամենից՝ դիտարկվում է նաեւ Ուկրաինա ռազմական փորձագետներ ուղարկելու հավանականությունը՝ հյուսիսկորեական զորքերին վերահսկելու համար։ Մասնագետները կվերլուծեն հյուսիսկորեական զորքերի մարտավարությունը եւ կմասնակցեն գերեվարված կորեացիների հարցաքննությանը։
Ավելի վաղ հարավկորեական հետախուզությունը հայտնել էր, որ Փհենյանը նախատեսում է մոտ 12 հազար զինվոր ուղարկել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավելու համար։ Զորքերի մի մասն արդեն հասել է Հեռավոր Արեւելք, պնդել են հետախույզները։
Այս հաղորդումներից հետո Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ-Լյոնը չնախատեսված անվտանգության նիստ էր անցկացրել հետախուզության պաշտոնյաների եւ բանակի հրամանատարության հետ։ Հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ ընդգծվել էր, որ ռազմական բեռներից զորքերի տեղակայման վերաճած համագործակցությունը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Կորեայի Հանրապետությանը, այլ նաեւ ամբողջ աշխարհին՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը։
Նախօրեին էլ Կորեայի Հանրապետության արտգործնախարարությունը հայտնեց, որ գերատեսչություն է հրավիրվել ՌԴ դեսպանը, որին ԱԳ նախարարի առաջին տեղակալ Կիմ Հոնգ Կյուն փոխանցել է Սեուլի «հաստատուն դիրքորոշումը» Հյուսիսային Կորեայի կողմից վերջերս Ռուսաստան զորքեր ուղարկելու վերաբերյալ եւ կոչ արել անհապաղ դուրս բերել հյուսիսկորեական զորքերը, ինչպես նաեւ դադարեցնել Փհենյանի հետ հարակից համագործակցությունը: