Ըստ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Ղարաբաղի տարածքը եղել է միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք եւ այդպիսին կա։ «Ազատության» փոխանցմամբ՝ Սիմոնյանը սա հայտարարել է՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե «ո՞վ է իրեն խորհուրդ տվել այդ հիմարագույն թեզը, որ Ադրբեջանն ուներ լեգիտիմ իրավունք՝ հարձակվելու Արցախի վրա, քանի որ ՄԱԿ-ի բանաձեւերն ուներ»։
«Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ ՄԱԿ-ի առնվազն 3-4 բանաձեւ»,- ասել էր Սիմոնյանը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ պատերազմը որեւիցե ձեւով չի կարող արդարացված լինել։
«Դուք Արցախի Հանրապետությունը չէիք ճանաչում որպես անկախ պետություն եւ թողնում էիք Արցախը որպես Ադրբեջանի կազմ, երբ վարչատարածքային բաժանման մասին օրենք էիք քննարկում ու ընդունում, անձամբ ձեր կուսակցությունը՝ Դաշնակցությունը, եւ նշում էիք, որ դա Ադրբեջան է, բա ի՞նչ էիք անում։ Խոսքը լեգիտիմ իրավունքի մասին է, եւ որեւիցե նոր բան իմ ասածի մեջ չկա: Ինչ վերաբերում է Ձեր մեկնաբանությանը՝ ո՞րն է հիմարությունը, ո՞րն է ճիշտ, պատմությունը, կարծում եմ, դրա պատասխանը տվեց»,- արձագանքելով նշել է Սիմոնյանը։
Մանուկյանը հակադարձել է, որ ՄԱԿ-ի բանաձեւերը չեն վերաբերել Արցախի կարգավիճակին, եւ որ դրանք վերաբերել են հրադադարի հաստատմանը եւ ռազմական գործողությունների դադարեցմանը:
«ՄԱԿ-ի բանաձեւերը որեւէ կիսալեգիտիմ, նույնիսկ աննշան, Ադրբեջանին որեւէ իրավական հիմք չէին տալիս Արցախի վրա հարձակվելու եւ Արցախի օկուպացիայի համար»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։
Սիմոնյանն էլ արձագանքել է. «Կարելի է մի բառից կախվել ու այդ բառի շուրջ ինչ-որ թեզ կառուցել, բայց փաստը մնում է փաստ. այդ տարածքը, ինչի մասին մենք խոսում ենք, միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել եւ կա»։