Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրում է գրեթե երեք միլիարդ դոլարի նոր վարկ՝ զենք գնելու, մշակելու եւ նորերը արտադրելու համար։ Այս մասին այսօր հայտարարել են Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվսը եւ պաշտպանության նախարար Ջոն Հիլին:
Այս գումարը համարվում է Մեծ Բրիտանիայի մասնաբաժինը «Մեծ յոթնյակի» երկրների կողմից Ուկրաինայի համար համաձայնեցված 50 միլիարդ դոլար օգնության փաթեթում: Վարկը տրամադրվում է Ուկրաինա Ռուսաստանի զինված ներխուժումից հետո սառեցված ռուսական ակտիվներից ստացված շահույթի դիմաց, հայտնում են բրիտանական կառավարության մամուլի ծառայությունից։
Հիլին լրագրողներին ասել է, որ գումարի մի մասը կարող է ծախսվել հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքերի մշակման եւ արտադրության վրա։
Reuters-ի փոխանցմամբ՝ լրագրողները Հիլին հարցրել են, թե արդյոք Բրիտանիան թույլ կտա Ուկրաինային գնել բրիտանական Storm Shadow թեւավոր հրթիռներ՝ ռուսական տարածքի խորքերը հարվածելու համար։
Ի պատասխան՝ նախարարը նշել էր․ «Նրանք շատ լրջորեն զարգացնում են նույնիսկ ավելի մեծ հեռահարության անօդաչու սարքերը։ Նրանք մեզ հետ կորոշեն, թե ինչպես ծախսեն այս գումարը, եւ թե ինչ զենք է իրենց ամենաշատը պետք»։
Արեւմտյան յոթ առաջատար արդյունաբերական երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ճապոնիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, հունիսին կայացած գագաթնաժողովում համաձայնության էին եկել Ուկրաինային 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու շուրջ, որը պետք է մարվի՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվների տոկոսները: