Թուրքիան մտադիր է ակտիվորեն զարգացնելու կապերը BRICS-ի հետ եւ ակնկալում է, որ միության գագաթնաժողովը Կազանում կնպաստի դրան։ Այս մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք անկեղծորեն ցանկանում ենք զարգացնել մեր համագործակցությունը BRICS-ի հետ, հուսով եմ, որ Կազանում կայանալիք գագաթնաժողովը կարեւոր դեր կխաղա այս հարցում»,- ասել է Թուրքիայի նեախագահը, որի ելույթը հրապարակել է TRT Haber հեռուստաալիքը։
«[Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի հրավերով վաղը մենք կայցելենք Կազան, որտեղ կմասնակցենք BRICS-ի ղեկավարների ընդլայնված նիստին։ BRICS-ի երկրները, որոնք, ինչպես Թուրքիան, G20-ի անդամ են, զբաղեցնում են մոլորակի տարածքի 30%-ը եւ բնակչության 45%-ը։ Նրանց բաժին է ընկնում նավթի համաշխարհային արդյունահանման 40%-ը, ապրանքների արտահանման 25%-ը եւ համաշխարհային առեւտրի 2/5-ը։ Նույնիսկ այս տվյալները վկայում են BRICS հարթակի կարեւորության մասին»,- հավելել է Էրդողանը` որեւէ բան չասելով կազմակերպությանը Թուրքիայի անդամակցության հավանականության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Bloomberg-ը, հղում կատարելով աղբյուրներին, գրել էր, որ թուրքական իշխանությունները դեռ ամիսներ առաջ դիմել են BRICS-ին միանալու համար։
Պարբերականի փոխանցմամբ՝ այս կերպ Թուրքիան փորձում է ամրապնդել իր ազդեցությունն աշխարհում եւ ընդլայնել կապերը զարգացող երկրների հետ։ Բացի այդ՝ BRICS-ի նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է Եվրամիությանն անդամակցելու հարցում առաջընթացի բացակայության եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ տարաձայնությունների ֆոնին։
Արդեն սեպտեմբերի 19-ին այս տեղեկությունները հաստատել էր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ նշելով, որ Անկարան շահագրգռված է միանալու BRICS միջպետական տնտեսական կառույցին, չնայած որ այն ամբողջությամբ ինստիտուցիոնալացված չէ։