Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ արեւմտյան երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյան Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին առաջարկել է «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ։
«Իրակլին հարցրել էր. «Այո՛, բայց քանի՞ օր կարող ենք կռվել Ռուսաստանի դեմ։ Քանի՞ օր մենք կդիմանանք»։ [Նրան պատասխանել են] երեք-չորս օր։ Նա պատասխանել է․ «Եվ այս երեք-չորս օրվա համար դուք մեզ կործանո՞ւմ եք»: Նրան պատասխանել են․ «Դուք երեք միլիոն եք, երեք-չորս օրվա ընթացքում բոլորիդ չեն սպանի։ Հետո դուք կարող եք սկսել պարտիզանական շարժում անտառում: Մենք ձեզ կօգնենք, իսկ դուք այնտեղից կկռվեք»»,- ասել է Իվանիշվիլին՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ում հետ է Ղարիբաշվիլին զրուցել:
«Վրացական երազանք» կուսակցության նախագահի վերոնշյալ խոսքերը այսօր մեկնաբանել է նաեւ վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ավելին ասել չեմ կարող։ Այս մասին անմիջապես տեղեկություն ստացանք Իրակլի Ղարիբաշվիլիից։ Ընդհանրապես, գործընթացները, որոնց միջով անցել ենք փետրվարի սկզբից (2022 թ.), նույնիսկ նախքան [Ուկրաինայում] պատերազմի սկսվելը, շատ բարդ էին։ Այս գործընթացները շարունակվեցին պատերազմի սկսվելուց հետո։ Համապատասխան հանդիպումները ինտենսիվ շարունակվել են նաեւ մարտին։ Հետո, դուք հիշում եք, թե ինչ եղավ հունիսին, երբ մեզ անարդարացիորեն մերժեցին [Եվրամիության անդամակցության] թեկնածուի կարգավիճակ շնորհել եւ փորձեցին հեղափոխություն սկսել երկիրը խառնաշփոթի ու պատերազմի մեջ գցելու համար: Սրանք գործընթացներ էին, եւ այդ գործընթացների փոքր ուղերձներից մեկը մի դրվագ էր, որն անձամբ Իրակլի Ղարիբաշվիլին ստացել էր կոնկրետ անձից։ Մենք ստիպված էինք դիմակայել շատ լուրջ ճնշումների՝ փրկելու մեր երկիրը պատերազմից ու ավերածություններից»,- ասել է Կոբախիձեն։
Վրաստանից հնչող այս պատմություններին այսօր արձագանքել են նաեւ Ռուսաստանից։ Այս երկրի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Կազանում ընթացող BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում ռուսական «Известия»-ին ասել է, որ Իվանիշվիլիին «չհավատալու պատճառ չունի»։
«Ես նրանց չհավատալու պատճառ չեմ տեսնում: Նրանք վկայակոչում են արեւմտյան երկրների հետ երկխոսությունները, որոնք ուղղակիորեն դրդել են իրենց ռազմական գործողություններ սկսելու Ռուսաստանի հետ: Ես նրանց չվստահելու պատճառ չունեմ»,- ասել է Լավրովը։
Նախկինում իշխող «Վրացական երազանք»-ը բազմիցս է հայտարարել, որ ուկրաինացի քաղաքական գործիչները, վրացի ընդդիմադիրները եւ Արեւմուտքի ներկայացուցիչները կոչ են արել Թբիլիսիին երկրորդ ճակատ բացել։