Հոկտեմբերի 22-ին Կազանում մեկնարկում է BRICS միջպետական տնտեսական համագործակցության կազմակերպության եռօրյա գագաթնաժողովը Ռուսաստանի նախագահությամբ։ Ներկա կլինեն խմբում ընդգրկված գրեթե բոլոր պետությունների ղեկավարները՝ բացառությամբ Բրազիլիայի նախագահի։ Միջոցառմանը կմասնակցեն նաեւ Ռուսաստանի հանդեպ այսպես կոչված «բարյացակամ» համարվող երկրների առաջնորդները, որոնք հավակնում են միանալ BRICS-ին:
2022 թվականի փետրվարին Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո Կազանում կայանալիք գագաթնաժողովը կլինի համաշխարհային առաջնորդների ամենամեծ հանդիպումը Ռուսաստանում, գրում է CNN-ը։
Արեւմտյան լրատվամիջոցները նշում են, որ Վլադիմիր Պուտինը ձգտում է նոր անդամների ներգրավելու BRICS-ին եւ դրանով իսկ ցույց տալու ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին, որ իր երկիրը դեռ հեռու է մեկուսացված լինելուց: Այնուամենայնիվ, կազմակերպության ոչ բոլոր անդամներն են համաձայնում ուղղակի հակազդել Արեւմուտքին, եւ, ըստ փորձագետների, նրանց ավելի շատ գրավում է չինական տնտեսության ուժը, քան Պուտինի աջակցությունը:
Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ կանցկացնի BRICS-ի անդամ երկրների բոլոր առաջնորդների, ինչպես նաեւ նրանց հետ, ովքեր դեռեւս կառույցի մաս չեն, մասնավորապես՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։ Բացի այդ՝ նախատեսված են Պուտինի հանդիպումները Պաղեստինի, Լաոսի, Մավրիտանիայի, Բոլիվիայի նախագահների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ Վիետնամի վարչապետի հետ։
Ռուսաստանն այս տարի նախագահում է BRICS-ը։ Ըստ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի՝ Կազանում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցեն 36 պատվիրակություններ պետություններից եւ 6-ը՝ միջազգային կազմակերպություններից։
Այս գագաթնաժողովի ընթացքում Վլադիմիր Պուտինի գլխավոր խնդիրներից մեկը The Economist-ը անվանում է BRICS Bridge կոչվող նոր համաշխարհային ֆինանսական եւ վճարային համակարգի կառուցումը, որը կոչված է «հարված հասցնել համաշխարհային ֆինանսական համակարգում ԱՄՆ գերակայությանը» եւ «պաշտպանել Ռուսաստանին եւ նրա ընկերներին պատժամիջոցներից»։ Պարբերականը նաեւ նշում է, որ այս համակարգը երկրներին թույլ կտա անդրսահմանային հաշվարկներ կատարել՝ օգտագործելով իրենց կենտրոնական բանկերի կողմից կառավարվող թվային հարթակներ։ Ռուսաստանը նախատեսում է այն կառուցել մեկ տարվա ընթացքում։
Այնուամենայնիվ, BRICS-ի ոչ բոլոր անդամներն ունեն դոլարից կախվածությունը նվազեցնելու եւ դոլարային համակարգից դուրս գալու մեծ ցանկություն եւ դրդապատճառներ, ինչ Ռուսաստանը, նշում է Bloomberg-ը։ Օրինակ՝ Հնդկաստանը մերժել է չինական յուանը որպես այլընտրանքային պահուստային արժույթ առաջ մղելու փորձերը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պնդում է, որ համագործակցությունը BRICS-ի շրջանակում «ուղղված չէ որեւէ մեկի կամ որեւէ բանի դեմ՝ ո՛չ դոլարի, ո՛չ այլ արժույթների»։
«Դա հետապնդում է հիմնական նպատակը՝ ապահովել այն երկրների շահերը, որոնք մասնակցում են այս ձեւաչափին»,- ասել է խոսնակը։
Bloomberg-ը նաեւ գրում է, որ վիճահարույց է անգամ BRICS-ի հետագա ընդլայնման հարցը։ Կառույցին միանալու ցանկություն հայտնել են տասնյակ երկրներ, այդ թվում Մալայզիան, Վենեսուելան, Թաիլանդը, Ադրբեջանը, Բելառուսը։ Սեպտեմբերին BRICS-ին միանալու պաշտոնական դիմում էր ներկայացրել նաեւ Թուրքիան, որը, ըստ Bloomberg-ի, հիասթափված է Եվրամիության անդամակցության համար իր երկարամյա ճանապարհին առաջընթացի բացակայությունից։ Այնուամենայնիվ, Հնդկաստանը դեռ դեմ է նոր անդամներ ընդունելուն եւ աջակցում է առանց ձայնի իրավունքի «գործընկեր երկրների» կատեգորիայի ներդրմանը:
Նյու Դելին չի ցանկանում, որ BRICS-ը վերածվի հակաամերիկյան մարմնի, որտեղ գերակշռում են Չինաստանն ու Ռուսաստանը, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հնդիկ պաշտոնյաներին։ Այս դիրքորոշումն են հայտնում նաեւ Բրազիլիան եւ Հարավային Աֆրիկան։ Հարավաֆրիկյան պաշտոնյաները նաեւ ասում են, որ կդիմադրեն իրենց երկրի ազդեցությունը թուլացնելու փորձերին՝ դաշինք հրավիրելով Նիգերիային կամ Մարոկկոյին:
Ռուսաստանը, ինչպես գրում է The New York Times-ը, այնուամենայնիվ, հույս ունի BRICS-ի կազմ նոր անդամներ ներգրավելու, որպեսզի կառուցի այնպիսի կոալիցիա, որը «կհաստատի նոր համաշխարհային կարգ եւ կձեւավորի Արեւմուտքի ազդեցությունից զերծ աշխարհակարգ»։
Բեռլինի «Քարնեգի եվրասիական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Գաբուեւի խոսքերով՝ Ուկրաինայի պատերազմը Պուտինի համար դարձել է հին աշխարհակարգի ոչնչացման գործիք, իսկ BRICS-ը խաղում է նորը կառուցելու ամենահզոր կառույցի դերը։
Այնուամենայնիվ, ոչ բոլոր մասնակիցներն են, նշում է The Washington Post-ը, պատրաստ միանշանակ ընդդիմանալու Արեւմուտքին։ Օրինակ՝ ԱՄԷ-ն, գրում է Bloomberg-ը, ամբողջությամբ մերժում է BRICS-ին անդամակցությունը որպես Արեւմուտքին գլոբալ հարավի հակադրության նշան ներկայացնելու փորձերը։ Արաբական երկիրը, ինչպես նշում է պարբերականի զրուցակիցը, շատ լավ հարաբերություններ ունի արեւմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ։
Այնուամենայնիվ, Պուտինը, ինչպես նշում են մի շարք պարբերականներ, BRICS-ի գագաթնաժողովի անցկացման միջոցով փորձում է ցույց տալ, որ Ռուսաստանը դեռ հեռու է մեկուսացված համարվելուց։ Ավելին, ինչպես գրում է CNN-ը, Պուտինը եւ Սի Ցզինպինը մտադիր են հաղորդելու այն միտքը, որ Արեւմուտքն է մեկուսացված իր պատժամիջոցներով եւ դաշինքներով, մինչդեռ «համաշխարհային մեծամասնությունը» աջակցում է ԱՄՆ ղեկավարությանը մարտահրավեր նետելու Ռուսաստանի եւ Չինաստանի ցանկությանը։