Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին եւ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:
Ըստ վարչապետի աշխատակազմի՝ Քարփենթերը Փաշինյանին փոխանցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը, որտեղ մասնավորապես ասվում է․
«Ուրախ եմ տեսնելու, որ Ձեր երկիրը եւ Ադրբեջանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, որը կկարգավորի ձեր երկու երկրների հարաբերությունները:
Ուզում եմ Ձեզ վստահեցնելու, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցելու կայուն եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը։ Խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, ապահովություն եւ կայունություն կապահովի ոչ միայն հայ ժողովրդի համար: Այն կվերափոխի ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը։
Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն եւ փոխզիջում: Բայց հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ Դուք խիզախորեն եւ հետեւողականորեն ընտրել եք խաղաղության ուղին, եւ ես Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը։
Իմ վարչակազմը պատրաստ է ձեռնարկելու համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթելու ճանապարհը դեպի խաղաղություն: Ես խնդրել եմ Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին տեղեկացնել Ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք կուզենայինք ձեռնարկել եւ ստանալ Ձեր կարծիքը Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ:
Ինչպես անցյալ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հիշատակվեց, այժմ եկել է պահը վերահաստատելու հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը եւ խաղաղության հիմնարար սկզբունքներին: Ավելի պայծառ ապագան հասանելի է, եւ ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատանքին՝ այն բաց չթողնելու համար»։
Հայկական կողմի հաղորդմամբ՝ Փաշինյանն ու Քարփենթերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ ծավալվող քննարկումներին վերաբերող հարցեր:
ՀՀ վարչապետը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված հոդվածների հիման վրա եւ շարունակելու հետագա քննարկումները: Փաշինյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ պայմանագրի ստորագրումը կնպաստի փոխվստահությանը եւ դրական ազդակ կհաղորդի մյուս հարցերի քննարկման ու համաձայնության հասնելու գործին:
Քարփենթերն էլ իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ը ողջունում է խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի նպատակադրումն ու քայլերը։ Նա նաեւ կարեւորել է սահմանազատման գործընթացն ու կանոնակարգի ստորագրումը, շեշտել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ հետագայում եւս նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը:
Բացի այդ, պաշտոնական հաղորդագրության համաձայն, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Մայքլ Քարփենթերն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ համագործակցության երկկողմ օրակարգին, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:
Հիշեցնենք, որ նախօրեին էլ Քարփենթերի գլխավորած պատվիրակությունը Բաքվում էր, որտեղ հանդիպում էր ունեցել այդ երկրի նախագահ Իլհամ Աիեւի հետ եւ փոխանցել նրան ուղղված նախագահ Բայդենի նամակը։ Դրանում ԱՄՆ նախագահը կրկին իր աջակցությունն էր առաջարկել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում եւ հույս հայտնել, որ Բաքուն կօգտվի Հայաստանի հետ վերջնական խաղաղության հասնելու համար ստեղծված հնարավորությունից, որն ուղղված կլինի փոխադարձ բարգավաճմանն ու ընդհանուր բարօրությանը։