Ռուսաստանի եւ Ուկրաինայի՝ միմյանց էներգետիկ օբյեկտների վրա փոխադարձ հարձակումների դադարեցումը կարող է լինել առաջին քայլը դեպի խաղաղությանն ուղղված բանակցություններ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Financial Times-ի հետ զրույցում։
Նրա խոսքով, եթե Մոսկվան եւ Կիեւը համաձայնեն դադարեցնել հարձակումները էներգետիկ ենթակառուցվածքների վրա, ապա դա «էական քայլ» կլիներ հակամարտության դեէսկալացիայի ուղղությամբ։ Ուկրաինայի նախագահը կարծում է, որ «երբ խոսքը վերաբերում է էներգիային եւ նավարկության ազատությանը, այդ կետերում արդյունքի ձեռքբերումը ազդանշան կլինի, որ Ռուսաստանը կարող է պատրաստ լինել դադարեցնելու պատերազմը»։
«Մենք առաջին [խաղաղության] գագաթնաժողովի ժամանակ տեսանք, որ կարող է որոշում կայացվել էներգետիկ անվտանգության վերաբերյալ։ Այսինքն՝ մենք չենք հարձակվում նրանց, իսկ նրանք չեն հարձակվում մեր էներգետիկ օբյեկտների վրա։ Սա կարո՞ղ է հանգեցնել պատերազմի թեժ փուլի ավարտին։ Ես այդպես եմ կարծում»,- ասել է Զելենսկին։
Ռուսական բանակը գրեթե լայնածավալ պատերազմի հենց սկզբից պարբերաբար հարվածներ է հասցնում ուկրաինական էներգետիկ օբյեկտներին՝ դրանք շարքից դուրս բերելով եւ իշխանություններին ստիպելով քաղաքներում էլեկտրաէներգիայի սպառման գրաֆիկներ մտցնել։ 2024 թվականի հունիսին Financial Times-ը գրել էր, որ ռուսական հարվածների հետեւանքով Ուկրաինայում էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտների հզորությունը կիսով չափ նվազել է նախապատերազմյան մակարդակի համեմատ։ Սակայն Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը այդ ժամանակ հայտարարեց, որ հոդվածը ներկայացնում է «մանիպուլյատիվ բնույթի» կեղծ տեղեկատվություն։
Ուկրաինան, իր հերթին, անօդաչու սարքերի միջոցով մշտական հարձակումներ է գործում շրջանների ռուսական նավթավերամշակման գործարանների վրա՝ փորձելով վնասել դրանք եւ նվազեցնել վառելիքի արտադրությունը։ Հարձակումները հաճախ հանգեցնում են հրդեհների բռնկման կամ վերամշակող գործարանների շարքից դուրս բերելուն: