ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ ՏԱԱՍ-ի փոխանցմամբ՝ նրան օդանավակայանում դիմավորել է Թաթարստանի Հանրապետության Պետխորհրդի նախագահ Ֆարիդ Մուհամետշինը։
Հոկտեմբերի 22-24-ը կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար նախօրեին Կազան էին ժամանել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը եւ Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան։ Սպասվում է, որ այսօր կժամանի նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ընդհանուր առմամբ, գագաթնաժողովին, ինչպես ավելի վաղ հայտարարվել է, կմասնակցեն ավելի քան 30 երկրների ներկայացուցիչներ։
Ինչպես նշում են արեւմտյան լրատվամիջոցները, այդ թվում՝ CNN-ը, գագաթնաժողովի մասնակիցների ցուցակը վկայում է, որ Ռուսաստանը, չնայած Ուկրաինա շարունակվող ներխուժմանը եւ դրա պատճառով արեւմտյան երկրների սահմանած պատժամիջոցներին, հեռու է միջազգային մեկուսացումից։