Կազանում երեքշաբթի BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի հետ։ Հաղորդվում է, որ բանակցությունները տեւել են մոտ մեկ ժամ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերով՝ հանդիպմանը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, մտքեր են փոխանակել նաեւ արեւմտյան երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարները խոսել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին՝ Պեսկովն ասել է. «Նրանք անդրադարձել են «հավաքական Արեւմուտքին»։ Փաստն այն է, որ ոտնձգության են ենթարկվում ե՛ւ մեր, ե՛ւ Չինաստանի շահերը»։
«Աշխարհը խոր փոփոխություններ է կրում, եւ միջազգային իրավիճակը քաոսային է»,- Կազանում Պուտինին ասել է Սին՝ հավելելով, որ գնահատում է իրենց երկրների միջեւ «խոր բարեկամությունը»: Նա նշել է, որ Չինաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները «կարեւոր ներդրում են ունեցել միջազգային հավասարության եւ արդարության պահպանման գործում»:
Պուտինն էլ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է ավելի մեծացնելու միջազգային հարթակներում Պեկինի հետ համակարգումը։ Նա նշել է, որ ռուս-չինական հարաբերություններն իրենց բնույթով պատեհապաշտական չեն եւ դարձել են ժամանակակից աշխարհում փոխգործակցության կառուցման մոդել։
2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո Մոսկվան ու Պեկինը առավել ջերմ հարաբերություններ են հաստատել։ Ռուսաստանի եւ Չինաստանի շփումները անհանգստություն են առաջացնում Արեւմուտքում, քանի որ այս երկու պետություններն էլ ձգտում են ընդլայնելու իրենց գլոբալ ազդեցությունը, նշում է AFP գործակալությունը։
Reuters-ն էլ իր հերթին հիշեցնում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, որը հայտարարել էր, որ ժողովրդավարական երկրներն այժմ բախվում են այնպիսի ավտորիտար երկրների մարտահրավերներին, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Չինաստանը։