ԱՄՆ-ը Իսրայելին կոչ է անում Իրանին պատասխան հարվածներ հասցնել այնպես, որ հնարավոր լինի կանխել Մերձավոր Արեւելքում լարվածության սրումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելից Սաուդյան Արաբիա ուղեւորվելուց առաջ։
«Շատ կարեւոր է, որ Իսրայելը արձագանքի այնպես, որ չհանգեցնի հետագա էսկալացիայի։ Չնայած տեղի ունեցողին՝ տարածաշրջանում առկա է եզակի հնարավորություն՝ բոլորովին այլ ուղղությամբ շարժվելու համար, որը ներառում է կայուն ճանապարհ դեպի Իսրայելի անվտանգություն եւ իր տեղը տարածաշրջանում։ Սաուդյան Արաբիան կարող է լինել այս գործընթացի կենտրոնում, որը ներառում է Իսրայելի հետ հարաբերությունների պոտենցիալ կարգավորումը»,- մեջբերում է Agence France-Presse-ը նրա խոսքերը:
Խոսելով հոկտեմբերի 16-ին իսրայելցի զինվորականների կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանության մասին՝ Պետդեպարտամենտի ղեկավարը նշել է, որ «այժմ ժամանակն է այդ հաջողությունները վերածել երկարաժամկետ ու ռազմավարական հաջողության»։
Ըստ Բլինքենի, որին այս անգամ մեջբերում է Reuters-ը՝ հրեական պետությանը «մնում էր երկու գործողություն․ տուն բերել պատանդներին եւ ավարտել պատերազմը՝ հասկանալով, թե ինչ է լինելու հետագայում»։
Հիշեցնենք, որ պետքարտուղարը երկուշաբթի ժամանել էր Իսրայել, որը նրա 11-րդ ուղեւորությունն էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումներից հետո։
BBC-ի գնահատմամբ՝ նախորդ շաբաթ Սինվարի սպանությունից հետո Բլինքենի այցը Մերձավոր Արեւելքում հրադադարի հասնելու Վաշինգտոնի առաջին խոշոր փորձն է եւ ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ վերջինը, որի արդյունքներից կախված կլինի տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի հետագա քաղաքականությունը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Բլինքենն ընդգծել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանության, Գազայում հակամարտությունը դադարեցնելու եւ «մշտական անվտանգության» ապահովման հարցում «Իսրայելի հաջող գործողությունների արդյունքներից օգուտներ քաղելու» անհրաժեշտությունը:
Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Բլինքենը հանդիպմանն ընդգծել է Գազա մատակարարվող մարդասիրական բեռների քանակի ավելացման անհրաժեշտությունը։
Բլինքենն ու Նեթանյահուն քննարկել են նաեւ Լիբանանում տիրող իրավիճակը եւ «Իրանի ու նրա դաշնակիցների կողմից հետագա տարածաշրջանային ագրեսիան զսպելու անհրաժեշտությունը»:
ԱՄՆ պետքարտուղարի այցին զուգահեռ Լիբանան է ուղեւորվել ԱՄՆ հատուկ բանագնաց Ամոս Հոհշտեյնը, որն ուսումնասիրում է Իսրայելի եւ շիայական «Հեզբոլլահի» միջեւ հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունները։
Հայտնի է, որ բանագնացը Բեյրութում բանակցություններ է վարել լիբանանցի պաշտոնյաների հետ հնարավոր զինադադարի պայմանների շուրջ։ Իսրայելը պահանջում է ավելի կոշտ պայմաններ, քան համաձայնեցված էին 2006 թվականին «Հեզբոլլահի» հետ վերջին խոշոր պատերազմից հետո: Այդ հակամարտությունն ավարտվեց ՄԱԿ-ի բանաձեւի ընդունմամբ, որն արգելում էր զինված խմբավորումներին, մասնավորապես` «Հեզբոլլահին», տեղակայվել սահմանամերձ շրջաններում։
Ըստ Հոհշտեյնի` ո’չ «Հեզբոլլահը», ո’չ Իսրայելը պատշաճ կերպով չեն կատարել 2006-ի բանաձեւի պահանջները, եւ դա բավարար չի լինի, որ երկու կողմերն էլ պարտավորություն վերցնեն դա իրականացնելու համար։ Բանագնացի խոսքերով՝ Վաշինգտոնը փորձում է պարզել, թե էլ ինչ է պետք անել կայուն զինադադարը ապահովելու համար։