2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո Ուկրաինայի բնակչությունը նվազել է ավելի քան 10 միլիոնով, իսկ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո՝ 8 միլիոնով։ Այս մասին ասվում է երեքշաբթի հրապարակված ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի զեկույցում (UNFPA):
Դրանում նշվում է, որ թեեւ երկիրը մարդահամար չի անցկացրել, այնուամենայնիվ, պարզ է, որ պատերազմից տուժած Ուկրաինայի բնակչությունը կտրուկ նվազել է: Բնակչության նվազման պատճառների թվում ՄԱԿ-ը նշել է երկրից ուկրաինացիների զանգվածային արտագաղթը եւ պատերազմում մարդկանց մահը։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի տվյալներով՝ պատերազմի սկսվելուց հետո սպանվել է առնվազն 11․973 խաղաղ բնակիչ: Շուրջ 6,7 միլիոն մարդ էլ հայտնվել է արտասահմանում՝ փախստականի կարգավիճակով:
«Սա մարդկային կապիտալի հսկայական կորուստ է, որը, ինչպես գիտենք, շատ կարեւոր է Ուկրաինայի ապագա վերականգնման եւ կառուցման համար»,- Ժնեւում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է հիմնադրամի խոսնակ Ֆլորենս Բաուերը:
Ուկրաինայում ընթացող պատերազմը սրել է երկրի ժողովրդագրական խնդիրները։ Երկրում ծնելիության մակարդակը նվազել է՝ հասնելով մինչեւ մեկ կնոջը մեկ երեխա հարաբերակցության: Սա ամենացածր ցուցանիշն է Եվրոպայում եւ ամենացածրերից մեկը աշխարհում, բացատրել է Բաուերը։
Նրա խոսքերով՝ երկրի ժողովրդագրական խնդիրները լուծելու համար իշխանությունները ՄԱԲՀ-ի աջակցությամբ մշակել եւ ընդունել են ժողովրդագրական ազգային ռազմավարություն։
«Այդ ռազմավարությունը հաշվի է առնում այլ երկրների փորձը, որոնք իրենց ժողովրդագրական խնդիրները լուծելու համար կենտրոնացել էին միայն ծնելիության բարձրացման վրա եւ հիմնականում ձախողվել են։ Փոխարենը, այս ռազմավարությունը համապարփակ մոտեցում է ցուցաբերում»,- նշել է Բաուերը։ Նա հավելել է, որ Ուկրաինայի իշխանությունները մասնավորապես հաշվի են առնում ավելի լայն սոցիալ-տնտեսական փոփոխությունների անհրաժեշտությունը, ներառյալ երիտասարդ ընտանիքների համար հնարավորությունների ստեղծումը եւ նրանց երեխաների խնամքի, կրթության եւ առողջապահական անհրաժեշտ ծառայությունները:
Բաուերը նշել է, որ Շվեդիայի նման երկրների հաջող օրինակները ցույց են տալիս, որ ներառական քաղաքականությունները, ինչպիսիք են գենդերային հավասարությունը, հայրության համար տրամադրվող արձակուրդը եւ ծնողների համար բարենպաստ աշխատանքային պայմանների ստեղծումը, առանցքային են այնպիսի դրական միջավայրի ձեւավորման համար, որտեղ մարդիկ իրենց վստահ են զգում եւ չեն վախենում ընտանիք կազմելուց:
UNFPA-ի ներկայացուցչի խոսքերով՝ Ուկրաինան որոշակի առաջընթացի է հասել. օրինակ՝ 2021 թվականին օրենք է ընդունվել, որը խրախուսում է երեխաների համատեղ խնամքը։
Բաուերը նաեւ ընդգծել է, որ Ուկրաինայում արդյունավետ պլանավորման համար անհրաժեշտ է օպերատիվ մարդահամար անցկացնել՝ հաշվի առնելով անվտանգության իրավիճակը, քանի որ մանրակրկիտ ժողովրդագրական վերլուծությունը կօգնի որոշելու տնտեսական եւ սոցիալական զարգացման երկարաժամկետ ռազմավարությունները։