Իրաքի իշխանությունները հայտարարել են երկրի հյուսիսարեւելյան լեռնային շրջաններում «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման ինը անդամների ոչնչացման մասին։ Նրանց թվում է եղել նաեւ խմբավորման իրաքյան թեւի առաջնորդ Ջասիմ ալ-Մազրուի Աբու Աբդել-Քադերը։
«Իրաքում ահաբեկիչների համար տեղ չկա, մենք կհետապնդենք նրանց, քանի դեռ վերջնական չենք ոչնչացրել»,- ընդգծել է Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանին՝ հայտարարելով, որ Աբդուլ Քադերը սպանվել է հակաահաբեկչական ուժերի եւ ազգային անվտանգության ծառայության կողմից Սալահ ալ-Դին նահանգի Համրին լեռներում՝ Միացյալ գործողությունների հրամանատարության ներքո իրականացված գործողությունների հետեւանքով:
Այսպիսով՝ Ջասիմ ալ-Մազրուի Աբու Աբդել-Քադերը դարձավ այս ամիս իրաքցի զինվորականների կողմից սպանված «Իսլամական պետության» տարածաշրջանային երրորդ եւ ամենաբարձրաստիճան ղեկավարը:
Միեւնույն ժամանակ վարչապետը չի խոսել ահաբեկչի սպանության հարցում ԱՄՆ-ի դերակատարման մասին, թեեւ Իրաքում խմբավորման դեմ նախորդ բոլոր գործողություններն իրականացվել են ամերիկացի զինվորականների աջակցությամբ։
Փոխարենը այս թեմայով խոսել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար Մայքլ Կուրիլան։
«Իսլամական պետությունը» շարունակում է սպառնալիք մնալ տարածաշրջանի, մեր դաշնակիցների եւ մեր հայրենիքի համար։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը մեր կոալիցիայի եւ իրաքյան գործընկերների հետ կշարունակի ակտիվորեն հետապնդել ահաբեկիչներին»,- հայտարարել է գեներալ Կուրիլան՝ հավելելով, որ այս տարվա հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում «Իսլամական պետության» գրոհայինները 153 հարձակում են իրականացրել Իրաքում եւ Սիրիայում, ինչը երկու անգամ ավելի է, քան ամբողջ 2023 թվականին, եւ չի կարող անհանգստություն չառաջացնել Վաշինգտոնում։
Նշենք, որ օգոստոսի վերջին ամերիկացի եւ իրաքցի զինվորականները խոշորագույն հակաահաբեկչական գործողություններից մեկն իրականացրին Իրաքի արեւմտյան Անբար նահանգում։ Սպանվել էր առնվազն 14 ահաբեկիչ։
Իրականացված գործողությունների հաջողության ֆոնին սեպտեմբերի 17-ին վարչապետ Մուհամմեդ Շիա ալ-Սուդանին հայտարարեց, որ երկրի Զինված ուժերն ունակ են առանց ԱՄՆ-ի օգնության մարտեր վարելու զինյալների դեմ։
Դեռեւս փետրվարից Իրաքի վարչապետը հանդես էր գալիս երկրի տարածքից ԱՄՆ զինվորականների դուրսբերման անհրաժեշտության մասին հայտարարություններով։
Արդեն սեպտեմբերի 27-ին Իրաքի եւ ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարեցին, որ պայմանավորվել են մինչեւ 2025 թվականի սեպտեմբեր ավարտին հասցնել միջազգային կոալիցիայի «Inherent Resolve» առաքելությունը, որի նպատակակետը ահաբեկիչների դեմ պայքարն էր:
Միաժամանակ Պենտագոնն ընդգծել է, որ համաձայնագիրը չի ենթադրում Իրաքից բոլոր ամերիկյան զորքերի դուրսբերումը, փոխվում է միայն ձեւաչափը, որի շրջանակում կավարտվի միջազգային կոալիցիայի միջոցով համագործակցությունը, իսկ Վաշինգտոնն ու Բաղդադը կանցնեն երկկողմանի գործընկերության։