ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային թույլ չի տալիս ամերիկյան հեռահար հրթիռներով հարվածներ հասցնել ռուսական տարածքի խորքերում տեղակայված թիրախներին, նաեւ այն պատճառով, որ ռուս զինվորականներն արդեն մարտական ինքնաթիռները տեղափոխել են առաջնագծից ավելի քան 300 կմ հեռավորության վրա, եւ հետեւաբար այժմ դրանք դուրս են գտնվում ATACMS հրթիռների խոցման գոտուց։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
Մյուս պատճառն այն է, որ Ուկրաինան, ըստ Պենտագոնի ղեկավարի, հնարավորություն ունի խոցելու ռուսական բանակի թիկունքում գտնվող թիրախները առանց ամերիկյան հրթիռների։ Նա հիշեցրել է, որ ուկրաինական անօդաչու սարքերը կարող են հարձակումներ իրականացնել սահմանից մինչեւ 400 կմ եւ նույնիսկ ավելի մեծ հեռավորության վրա տեղակայված թիրախներին։ Օսթինը հավելել է, որ ԱՄՆ-ը օգնել է Ուկրաինային մարտական անօդաչու թռչող սարքերի մշակման հարցում՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Օսթինը Վաշինգտոնի կողմից նման թույլտվությունից հրաժարվելու պատճառների թվում չի նշել ռուսական տարածքում հեռահար զենքերով կրակելու հնարավոր թույլտվությանը արձագանքելու մասին Մոսկվայի սպառնալիքները։
Կիեւն արդեն երկար ամիսներ է, ինչ փորձում է արեւմտյան դաշնակիցներից ստանալ նրանց մատակարարած զենքերով ՌԴ տարածքի խորքերում հարվածներ հասցնելու թույլտվություն։ Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես ավելի վաղ խոստովանել էր, որ Ռուսաստանն արդեն հեռացրել է ինքնաթիռները առաջնագծից, եւ նրանք դարձել են ավելի քիչ խոցելի։
Օսթինը, որ վերջերս այցելել էր Կիեւ, հայտարարել է, որ «միանգամայն» վստահ է, որ Ուկրաինան կարող է հաղթել նույնիսկ առանց հեռահար հարվածների թույլտվության: Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները եւ դաշնակիցները այժմ սկսում են գործողությունների ծրագիր, որն ուղղված է Ուկրաինայի նախագահի կողմից ավելի վաղ ներկայացված «ռազմավարական ծրագրին» աջակցելուն։
Ընդգծենք, որ Վլադիմիր Զելենսկու «Հաղթանակի ծրագիրը», ի թիվս այլ բաների, նաեւ նախատեսում է հարվածներ ռուսական ռազմական եւ ռազմավարական թիրախներին՝ հեռահար զենքերի կիրառմամբ։
Ըստ Օսթինի՝ Ուկրաինայի հաղթանակը կնշանակի «Ուկրաինայի՝ որպես ինքնիշխան երկրի պահպանում, որն ունակ կլինի պաշտպանելու իր տարածքները եւ զսպելու ապագա ագրեսիան»։ Միեւնույն ժամանակ նա չի պարզաբանել, թե արդյոք նկատի ուներ ուկրաինական վերահսկողության վերականգնումն իր միջազգայնորեն ճանաչված ամբողջ տարածքի վրա, ինչի մասին պնդում է Կիեւը։
Մեկնաբանելով Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար հյուսիսկորեական զորքեր ուղարկելու հնարավորության մասին տեղեկությունները՝ Օսթինը նշել է, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները ստուգում են այդ տեղեկությունը, եւ եթե պարզվի, որ դա ճիշտ է, ապա դա ցույց կտա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «թուլացել է շատ ավելի, քան կարծում են շատերը»:
Fox News-ի հետ հարցազրույցից հետո Օսթինը Հռոմում կայացած մամուլի ասուլիսում հաստատել է, որ ԱՄՆ-ը տեղեկություններ ունի ԿԺԴՀ-ից Ռուսաստան ռազմական անձնակազմ ուղարկելու մասին։