Անկարայում մի քանի անհայտ անձինք պայթյուն եւ փոխհրաձգություն են կազմակերպել TUSAŞի մուտքի մոտ։
Կան զոհեր եւ վիրավորներ, ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Սպանվածների ու մեղավորների ստույգ թիվը դեռ չի հաղորդվում։ Երլիքայան տեղի ունեցածը որակել է որպես «ահաբեկչություն»։
Թուրքական NTV հեռուստաալիքը հայտնում է, որ հարձակվողները TUSAŞ-ի շենքի մոտ ժամանել են տաքսիով։ Զենքի գործադրմամբ փորձել են մտնել շենք, սակայն անվտանգության աշխատակիցները կանգնեցրել են, որից հետո պայթյուն է տեղի ունեցել։ Հաղորդվում է, որ ներկա պահին կրակոցներ են լսվում շենքի ներսում։
Բացի այդ՝ լրատվամիջոցները հայտնում են, որ ահաբեկիչները կարող են նաեւ պատանդներ վերցնել շենքում։
TUSAŞ-ից Euronews-ին էլ հայտնել են, որ ընկերության գլխամասային գրասենյակի վրա հարձակումն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, եւ աշխատակիցներին արգելվել է լքել իրենց աշխատավայրը։ Լրատվականի զրուցակցի խոսքով՝ փոխհրաձգությունը տեղի է ունեցել շենքի մուտքի մոտ։
Նշենք, որ TUSAŞ-ը խոշոր բաժնետիրական ընկերություն է, որը մշակում եւ արտադրում է ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր ու տիեզերական արբանյակներ, ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով: