Սեպտեմբերից ակտիվորեն քննարկվում է 2024 թվականին հրատարակված՝ Վաչագան Սարգսյանի, Ելենա Ջիլավյանի, Քնարիկ Գալստյանի, Հեղինե Խաչատրյանի, Սուսաննա Գիրգորյանի, Նունե Սարուխանյանի հեղինակած «Մայրենի 3, մաս 1» դասագիրքը։ Կան խնդրահարույց թեմաներ ու ձեւակերպումներ, եւ ԿԳՄՍ նախարարությունում, բնականաբար, տեղյակ են սրան։
Ի պատասխան «Ալիք Մեդիայի» գրավոր հարցման՝ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը նշել է՝ 2023-2024 եւ 2024-2025 ուսումնական տարիներին դասագրքերի բովանդակության վերաբերյալ ծնողների եւ մասնագիտական շահառու խմբերի բողոքներն ուսումնասիրվել են:
«Վաչագան Սարգսյանի ղեկավարած խմբի ստեղծած, 2024 թվականին «Անտարես» ՍՊԸ-ի տպագրած 3-րդ դասարանի «Մայրենի 3, մաս 1» դասագրքի կազմի վերաբերյալ նույնպես ԿԳՄՍ նախարարությունը ստացել է բողոքներ: Պարզաբանում ստանալու եւ ըստ անհրաժեշտության դասագրքերը լրամշակելու վերաբերյալ պահանջ-բողոքներն ուղարկվել են հեղինակներին: Դասագրքերի լրամշակված էլեկտրոնային տարբերակները տեղադրվել են ԿՏԱԿ-ի «Պաշարների շտեմարան» բաժնում եւ ԴՏՀՏՇՀ-ի կայքէջում»,- պարզաբանել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
Ահա գրքում ներկայացված թեմաներից մեկը․
Ներկայացված վարժություններից մի քանի օրինակ․
Դասագրքին առնչվող քննադատություններին անդրադարձել էր նաեւ ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը. «Մարդիկ հուզվում են, երբ դասագրքերում այֆոնի մասին է խոսվում, երբ ժամանակակից երաժշտությանն ենք անդրադառնում։ Մարդիկ ամեն ինչից, ընդհանրապես, կարծես հուզվում են։ Իրականում մեր դպրոցը պետք է մոտ լինի կյանքին։ Չի կարող մեր երեխաների կյանքը լինել մի բանի մասին, իսկ դպրոցը՝ տրամագծորեն ուրիշ բանի մասին։ Սա է եղել նաեւ մեր կրթության հիմնական խնդիրներից մեկը»։
«Հանրակրթության պետական նոր չափորոշչի» ներդրմամբ պայմանավորված՝ 2024 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած «Մայրենի 3» դասագրքի ստեղծման դրամաշնորհային մրցույթում հաղթող են ճանաչվել Վաչագան Սարգսյանի գլխավորած հեղինակային խմբի եւ «Զանգակ-97» ՍՊԸ-ի ստեղծած դասագրքերը, որոնք, ըստ սահմանված ընթացակարգի, անցել են փորձաքննություն եւ հաղթահարել գնահատման սանդղակով սահմանված անցողիկ շեմը։
«ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով որոշ դասագրքեր երաշխավորվել են դպրոցներում գործածության համար։ Այդ դասագրքերի էլեկտրոնային տարբերակները տեղադրվել են ԿՏԱԿ-ի «Պաշարների շտեմարան» բաժնում եւ ԴՏՀՏՇՀ-ի կայքէջում, ինչը հնարավորություն է տվել հանրակրթական ուսումնական հաստատություններին կատարել դասագրքի ընտրություն (այսինքն՝ դպրոցները կարող են ընտրել մեկ այլ դասագիրք — հեղ․)»,- նշել է Կարեն Գիլոյանը։
Դասագրքերի փորձաքննությունն իրականացնում է փորձագիտական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են տվյալ առարկայի մասնագետներ, հայոց լեզվի մասնագետ, մանկավարժ-մեթոդիստ, մանկավարժ-հոգեբան, նկարիչ-ձեւավորող, բժիշկ-հիգիենիստ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով, սահմանված կարգի համաձայն, դասագրքերի փորձաքննությունն իրականացնող անձանց տվյալները չեն հրապարակվում, հետեւաբար չկարողացանք պարզել նրանց անունները: Վերոնշյալ կարգի համաձայն՝ դասագրքերի գործածության ժամկետը սահմանված է 3-7 տարի:
Խնդրահարույց են ո՛չ միայն դասագրքի թեմաները։ Ահազանգեր եղան՝ գրքի կազմի վրա այրվող եռագույն է պատկերված։ Ավելի ուշ պարզվեց, որ դա տեխնիկական խնդրի հետեւանք էր։
Այսուամենայնիվ, «Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը պարզաբանել էր՝ այրվող դրոշ են տեսնում այն մարդիկ, որոնք ուզում են դա տեսնել, մինչդեռ կարելի է դա ընկալել «որպես լույս եւ ջերմություն ճառագող դրոշ՝ ուղղված բարեկամներին, եւ կրակ ճառագող դրոշ՝ ուղղված չբարեկամներին»։ Որոշ ժամանակ անց գրքի կազմը առցանց հարթակներում փոխվեց, այրվող դրոշով նկարն անհետացավ։
Արտադասարանային պարապմունքներ անցկացնող մանկավարժ Ամալյա Զոհրաբյանն ասում է՝ ցավալի է, որ այս դասագիրքը կիրառվում է որոշ դպրոցներում։
«Ավելին՝ խնդիրը միայն այս դասագիրքը չէ։ Եթե ուսումնասիրեք նաեւ մյուսները, կպատկերացնեք՝ ինչ սարսափելի վիճակ է։ Կան այնքան խրթին թեմաներ, որ այդ տարիքի երեխան ընկալել չի կարող։ Մտքեր, նախադասություններ կան, որ կարդալիս ապշում ես՝ մի՞թե նման բաներ կարելի է գրել դասագրքերում։ Երրորդ դասարանի այս դասագիրքն ընդամենը վառ օրինակ է»,- ասում է Ամալյա Զոհրաբյանը։
Ըստ նրա՝ միանշանակ, նախկինում դասագրքերի որակն ավելի բարձր էր, գնալով դրանք ավելի անորակ են դառնում՝ խնդրահարույց թեմաներով, ձեւակերպումներով, անհեթեթություններով ու սխալներով լի, որոնք կարող են երեխային ոչ թե կրթել ու դաստիարակել, այլ «դեգրադացնել»։
Ըստ նրա՝ դպրոցներում դասավանդող ուսուցիչներն էլ պետք է սրտացավ լինեն, որոշում կայացնողների շրջանակում իրենց ձայնը լսելի դարձնեն՝ պահանջելով, որ որակյալ դասագրքեր ուղարկվեն դպրոց։
«Ցավոք, պետք է նշեմ, որ ուսուցիչներից շատերն այս հարցում կրավորական կեցվածք են ընդունել եւ չեն ուզում խնդիրը բարձրաձայնել»,- ասում է Ամալյա Զոհրաբյանը։
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը մեզ հետ զրույցում ասաց՝ դասագրքերը հապճեպ դպրոցներ են ուղարկվել, հաշվի չեն առնվել քննադատությունները, փորձարկման ժամանակ ի հայտ եկած դժգոհությունները, ուսուցիչների նկատառումները։
Ատոմ Մխիթարյանը եւս վերհանում է Ամալյա Զոհրաբյանի նկատած խնդիրը։
«Օրական տասնյակ զանգեր ու նամակներ եմ ստանում ծանոթ կամ անծանոթ ուսուցիչներից, որ ներկայացնում են խնդիրները, բողոքում, բայց երբ հարցնում եմ՝ կուզե՞ք լրագրողի հետ խոսել, այս հարցերին անդրադառնալ, չեն համաձայնում։ Սա վերաբերում է նաեւ դասախոսներին․ նրանց դեպքում էլ է այսպիսի վիճակ»,- ասում է Ատոմ Մխիթարյանը։
Ըստ նրա՝ սա հանգեցնում է նրան, որ «այսօրվա իշխանությունն ինչ ուզում, անում է»։ Դա արվում է նաեւ դասագրքերի միջոցով՝ ընդդեմ մեր ազգային գիտակցության ու արժեքների։ Ի վերջո նոր սերնդի արժեհամակարգը կարող է ձեւախեղվել։ Այս սերունդը չի ընդունելու նաեւ այն ուսուցիչներին, որոնք հիմա բողոքի ձայն չեն բարձրացնում։
«Ամեն մեկը մի պատճառ է ներկայացնում՝ չբարձրաձայնելու խնդիրը։ Մեկն ասում է՝ իմ ունեցած դասաժամերը կկրճատեն, ճնշում կգործադրեն, մյուսը պատճառաբանում է՝ որդուս աշխատանքից կհեռացնեն․․․ Որոշակի ճնշումներից մարդիկ վախենում են, ու սա ցույց է տալիս, որ նրանք ազատ մտածողություն չունեն։ Այսպիսի ցավալի վիճակ է»,- ասում է Ատոմ Մխիթարյանը։
Նա ավելացնում է՝ վերոնշյալ դասագրքի վերաբերյալ պարբերաբար բողոքներ են ստանում։ Որոշ ուսուցիչներ պատմում են, որ խնդրահարույց թեմաները բաց են թողնում, բայց, ըստ Մխիթարյանի, սա հարցի լուծում չէ։ Մասնագետները պետք է հետամուտ լինեն, դիմեն դատարան եւ խնդրահարույց դասագրքերը գործածությունից հանելու կամ գոնե դրանք խմբագրելու մասին դատական որոշման հասնեն, որպեսզի աշակերտները սովորեն որակյալ դասագրքերով։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։