Մենք ամուր ենք մեր լեռների պես, մենք հինգհազարամյա ենք, մենք խելոք ենք ու քաջ։ Մեր երկիրը եղել է ծովից ծով ու կլինի։ Մեսրոպյան գրից առաջ մենք գիր ենք ունեցել, որը քրիստոնյաները ոչնչացրել են հիմնահատակ ու ոչ մի հետք չեն թողել։ Զորաց քարեր կոչվող տարածքը Քարահունջ անվամբ հնագույն աստղադիտարան է։
Այս ու այս կարգի այլ պնդումներով լեցուն է մեր կյանքը։ Եթե թեմային տիրապետող ու ազգայնական կապանքներից զուրկ որեւէ գիտնական ասի, թե մեսրոպյան գրից առաջ հայերեն գիր չի եղել, կամ Զորաց քարեր տեղանքը Քարահունջ չի կոչվել, չի բացառվում նաեւ, որ աստղադիտարան էլ չի եղել, որ այդ տարածքը Քոչարյանի օրոք՝ կառավարության 2004 թվականի հուլիսի 29–ի որոշմամբ է միայն «Քարահունջ աստղադիտարան» վերանվանվել, հավանաբար, որ Սթոունհենջին լինի համահունչ ու Սթոունհենջի դափնիներից մի քանիսն իրենով անի, ապա մի հսկայական զանգված, Ֆեյսբուքի դռները ջարդելով ու փշրելով Ֆեյսբուքի պատուհանները, ներս կհորդի ու կգամի այդ գիտնականին անարգանքի սյունին։
Կգրեն բոլորը, կգրեն այնքան վստահ, որքան վստահ լինում են միայն անտեղյակները կամ թեմայի վերաբերյալ մակերեսային պատկերացում ունեցողները։ Նրանց գիտությունը չի հետաքրքրելու, նրանք գիտությունից հեռու են։ Նրանց ճշմարտությունը չի հետաքրքրելու, անտարբեր են ճշմարտության նկատմամբ։ Նրանց ազգն ու հայրենիքն են հետաքրքրելու։ Նրանք պնդելու են, որ այդ գիտնականը ապազգային է ու դավաճան։ Ոմանք զարմացած կհարցնեն, թե ինչու Ազգային անվտանգության ծառայությունը նրանով չի զբաղվում, ու զայրացկոտ զմայլիկներ կդնեն։ Ոմանք Հերունուն կցիտեն, ոմանք՝ Նժդեհին։ Ոմանք կգրեն՝ «թուրքն իր չունեցածն աշխարհով մեկ է անում, բոլորի աչքն են մտցնում, իսկ մենք քեզ նման ապազգային սրիկայի պատճառով մեր ունեցածից ենք զրկվում, ամոթ» ու, ավելի տպավորիչ երեւալու համար հարցական ու բացականչական նշաններ կշարեն։
Ու կխլանա բանական միտքը նրանց աղմուկի մեջ։
․․․ Վաղը, եթե Հայաստանում ընտրություններ լինեն, կհաղթի Փաշինյանը։ Նա կհաղթի ոչ միայն այն պատճառով, որ որպես իր մրցակից երեկվա մերժվածներին կկարգի ու նրանց ֆոնին իր հաղթանակը կապահովի, ոչ միայն այն պատճառով, որ իշխանական ռեսուրսն իր ձեռքում է ու, անկասկած, կօգտագործի, այլ նաեւ այն պատճառով, որ աղմկող ու ականջահաճո խոսքի կարոտ այս հոծ ամբոխն իրենն է, ինքն էլ, ավարտված պոպուլիստ լինելով, այդ ամբոխինն է, նրանցից մեկն է ու նրանց նմանը։ Ճիշտ նրանց պես՝ խոսում է թեմաներից, որոնցից տեղյակ չէ, ու խոսում է նույն վստահությամբ, ինչ նրանք։
Չխորանալով ու չկասկածելով, հետաքրքրվել, ուսումնասիրել ու պարզել չփորձելով՝ իր իմացածը կամ ցանկացածը որպես փաստ ու որպես իրողություն է ներկայացնում։ Աշխարհի ու միջազգային հարաբերությունների մասին իր թյուր ու աղոտ պատկերացումները նկատի ունենալով՝ հայտարարում է, թե բոլորս ենք այս բնագավառում մակերեսային։ Հատուկ պահպանվող տարածքների մասին խոսելով ու «արգելոց» բառի նշանակությունը լավ չընկալելով՝ պահանջում է հանել այն շրջանառությունից։ Խոսելով իրական ու պատմական Հայաստանների մասին՝ աղավաղում է պատմականը, իրականն էլ դարձնում է անհրապույր մի վայր, որտեղից մարդիկ միայն հեռանալ են ցանկանում։
Ինքը չգիտի, թե ինչու են մարդիկ հեռանում իրենց երկրից։ Դեռ պետք է պարզի։ Կառավարության նիստին ասել է․ «Արտագաղթ երեւույթը, որ մեր երրորդ հանրապետության ամենամեծ պրոբլեմն ա, թույլ տվեք ասել, որ այդ երեւույթը բավարար չափով, ինչքան զավեշտական թվա, ուսումնասիրված չի»։ Մի կողմ թողնենք նրա հայերենը, որ հնչեցնում է իր ելույթների ժամանակ։ Այս իշխանության ներկայացուցիչները վաղուց են այն աղավաղում ու ոտնահարում կոպտորեն։ Մի կողմ թողնենք նաեւ «երրորդ հանրապետություն» ձեւակերպումը, ըստ որի՝ լիարժեք պետություն է եղել նաեւ սովետական Հայաստանը, վերադառնանք արտագաղթի չուսումնասիրված լինելու մասին նրա պնդմանը։
Ես բնագավառի մասնագետ չեմ, բայց գիտեմ, որ տարիներ շարունակ այս թեման ուսումնասիրվել է։ Բազմաթիվ քննարկումներ ու հետազոտություններ են եղել։ Որոշ քննարկումների ինքս եմ մասնակցել։ Ցանկանում էի գրել այդ մասին, տալ համապատասխան հղումներ, բայց հանդիպեցի թեմային տիրապետող Յուլիա Անտոնյանի գրառմանն ու որոշեցի բավարարվել դրանով։
Ահա այն․ «Փաշինյանը կառավարության նիստին բողոքեց, որ մենք չգիտենք՝ իրականում արտագաղթն ինչ է, որոնք են դրա իսկական մոտիվացիաները եւ այլն։ Բա, Նիկոլ ջան, դու մեզ հարցրու, մեզ, այսինքն՝ մարդաբաններիս, սոցիոլոգներիս։ Մենք կասենք։ Հազար ու մի հետազոտություն է արված միգրացիայի թեմայով, ինչպես նաեւ այլ բազում թեմաներով, որոնց մասին ձեր պատկերացմամբ՝ «մենք, այսինքն՝ դուք, բան չգիտեք»: Ուղիղ եւ անուղղակի։ Մի քանի լեզուներով տպած հոդվածներ ու գրքեր կան։ Շատերը՝ հենց պետության կողմից ֆինանսավորված։ Բա չեք կարդո՞ւմ։ Ինչո՞ւ։ Բա կարդացեք։ Չեք ուզում կարդալ, օքեյ, կանչեք, մենք կգանք, կբացատրենք։ Բա մեռաք մարդկային կապիտալի մասին խոսելով։ Մարդկային ու ինտելեկտուալ կապիտալը ձեր կողքին է, ինչո՞ւ չեք օգտագործում»։
Խնդիրը, բայց, այն է, որ կարդալու, տեղեկանալու, մասնագետ հրավիրելու ու հարցնելու նպատակ-ցանկություն չկա։ Նման միտք չի էլ ծագում։ Չկա պատկերացում, որ այդպես է պետք։ Կա վստահություն, որ ինքը գիտի, որ իրենք գիտեն։ Գիտեն ու պնդում են։ Ինչից տեղյակ չեն, ուրեմն չի եղել։ Իսկ ինչի մասին լսել են, թեկուզ՝ աղոտ, դակում են դրա վերաբերյալ իրենց անառարկելի կարծիքը՝ Զորաց քարեր կոչվող տեղանքը Քարահունջն է, Քարահունջն էլ աստղադիտարան է, «արգելոց» բառը պետք է ջնջել, արտագաղթն ուսումնասիրված չէ, չենք հասկանում, թե ինչ են միջազգային հարաբերությունները, հայերեն գրից առաջ գիր է եղել, անգլիացիները Հայաստանից են Բրիտանիա գնացել, թուրքերը մշակույթ չունեն, Թբիլիսին էլ հայերն են կառուցել։ Վերջ։ Տեղյակ են, լսել են, գիտեն։ Այդպես է։ Պնդելու են ու հաստատելու են ու կանգ չեն առնելու։
Տգիտությունն, անկասկած, առավելություն է, այն անսասան վստահություն է ներշնչում:
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։