Առնվազն հինգ մարդ է զոհվել, եւ 22-ը` վիրավորվել Անկարայի մերձակայքում գտնվող թուրքական ավիատիեզերական ընկերության (TUSAŞ) կենտրոնակայանի վրա հարձակման հետեւանքով, հայտնում են Թուրքիայի իշխանությունները։
«Ահաբեկչության հետեւանքով մահացածների թիվը հասել է հինգի, վիրավորների ընդհանուր թիվը 22 է, որոնցից երեքը դուրս են գրվել հիվանդանոցից»,- հեռուստատեսությամբ ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Նրա խոսքերով՝ այդ հարձակման հետ, ամենայն հավանականությամբ, կապված է «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը», որն արգելված է երկրում։
Երլիքայան ավելի վաղ հայտնել էր, որ հարձակվող տղամարդն ու կինը սպանվել են: Նա խոստացել է տալ մանրամասն տեղեկություններ եւ ապացույցներ, երբ իշխանությունները բացահայտեն հարձակվողներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որ հարձակման պահին Կազանում ընթացող BRICS-ի գագաթնաժողովին էր եւ բանակցություններ էր վարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, միջադեպն անվանել է «զզվելի հարձակում»:
«Ահաբեկչության առաջին իսկ պահից մեր անվտանգության ուժերը արագ միջամտել են եւ վնասազերծել ահաբեկիչներին։ Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ Թուրքիային մեկնած կեղտոտ ձեռքերը անպայման կոտրվելու են։ [․․․] Մեր պայքարը բոլոր տեսակի ահաբեկչական սպառնալիքների եւ ահաբեկչության աջակիցների դեմ շարունակվելու է»,- գրել է Թուրքիայի նախագահը X-ի էջում։
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, հարձակվողները ձեռնարկության շենք են ժամանել անվտանգության հերթափոխի ժամանակ։ Նրանք գործի են դրել պայթուցիկ սարք, որից հետո փոխհրաձգություն է սկսվել։
Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ եւ բժշկական խմբեր, ինչպես նաեւ ոստիկաններ եւ հատուկ ջոկատայիններ։
Հաղորդվել է, որ լրատվամիջոցները, որոնք ցուցադրել են միջադեպի կադրերը, ավելի ուշ ստիպված են եղել դադարեցնել հեռարձակումը իշխանությունների պահանջով։
Սոցցանցերում հայտնվել են կադրեր շենքի ներսում եւ դրսում գտնվող հսկողության տեսախցիկներից, որոնցում երեւում էին հարձակվողների դեմքերը։
Տեղական լրատվամիջոցները հրապարակել են սպանությունից հետո հայտնաբերված զենքերի լուսանկարներ․ գնդացիրներ, ատրճանակներ, զինամթերք եւ պայթուցիկ նյութեր:
Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն ասել է, որ խորապես վշտացած է հարձակումից: «Մաղթում եմ Աստծո ողորմությունը մեր նահատակներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Մենք դատապարտում ենք ահաբեկչությունը. Ընդունեք իմ ցավակցությունները»,- ասել է Թուրքիայի մայրաքաղաքի քաղաքապետը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն էլ X-ի էջում գրել է, որ զրուցել է Էրդողանի հետ եւ հստակ ուղերձ հղել, որ դաշինքը պատրաստ է աջակցելու Անկարային։
Հարձակումը դատապարտել են ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ այլ երկրների ղեկավարությունները։
Քրդամետ «Ժողովուրդների հավասարություն եւ ժողովրդավարություն» կուսակցության (DEM) ներկայացուցիչները նույնպես դատապարտել են ակցիան՝ ասելով, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թուրք հասարակությունը քննարկում է քուրդ անջատողականների հետ երկխոսության հնարավորությունը։