2021 թվականի դեկտեմբերին Հունգարիայի կառավարության գործուն աջակցությամբ 5 հայ ռազմագերիներ Ադրբեջանի բանտից վերադարձան տուն՝ Հայաստան: Բուդապեշտի այս քայլը դարձավ հայ—հունգարական խզված հարաբերությունները վերականգնելու եւ զարգացնելու ազդակ:
2004 հունվարին ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրի շրջանակում՝ Բուդապեշտում, ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարեց հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին: Մարդասպանին հունգարական արդարադատությունը դատապարտեց ցմահ ազատազրկման: 2012 թվականի ամռանը Սաֆարովը արտահանձնվեց Ադրբեջանին: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
Հինգ հայ ռազմագերիների վերադարձը փոխեց Երեւան—Բուդապեշտ հարաբերությունների ընթացքը: Կարճ ժամանակ անց դրանք վերականգնվեցին, որից հետո սկսվեց համագործակցության նոր շրջան:
Հոկտեմբերի 22-ի երեկոյան Երեւանում տեղի ունեցավ ընդունելություն Հունգարիայի ազգային տոնի առիթով: «Ալիք Մեդիայի» գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանը ոտքի վրա կարճ զրույց ունեցավ Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ, նստավայրը՝ Թբիլիսի:
Հարց – Տիկի՛ն դեսպան, տասնամյա դիվանագիտական դադարից հետո ինչպե՞ս կբնութագրեք հայ-հունգարական հարաբերությունների այսօրը:
Պատասխան — Հունգարիա-Հայաստան հարաբերությունները այսօր շատ դինամիկ են եւ եռանդուն: Անցյալ տարվա մայիսին, երբ Երեւանում ներկայացրի իմ հավատարմագրերը, դրանից հետո Հայաստան այցելել եմ 20 անգամ: Այսինքն՝ 18 ամսվա ընթացքում 20 անգամ եղել եմ Հայաստանում: Այս ընթացքում մենք շատ բաների ենք հասել: Մենք երկկողմ հարաբերություններում ունեցել ենք դիվանագիտական դադար եւ փորձում ենք լրացնել բաց թողնված ժամանակահատվածը: Հայաստանի նախագահը եւ արտգործնախարարը այս տարի այցելել են Հունգարիա, մեր երկրի արտաքին գործերի եւ առեւտրի նախարարը անցյալ տարի եւ այս տարվա սեպտեմբերին այցելել է Երեւան: Եղել են նաեւ այլ այցեր: Մենք համագործակցում ենք Երեւանի մանկավարժական համալսարանի հետ: Փորձում ենք անել շատ-շատ ավելին, ինչ սովորաբար անում ենք: Տասը տարի կորցրել ենք, բայց շրջել ենք այդ էջը: Մենք տեսնում ենք, թե ինչքան շատ ընդհանուր բան ունենք: Փորձում ենք օգնել Հայաստանին, ներկայացնել մեր փորձը: Այս տարի, երբ եղավ ջրհեղեղ, մենք այստեղ էինք՝ օգնելով տուժածներին: 2023 թվականի աշնանը, երբ Արցախի ժողովուրդը անցավ սահմանը, մենք առաջիններից էինք, որ օգնություն տրամադրեցինք Կարմիր խաչի միջոցով: Արցախցիների՝ Հայաստան գալու հենց առաջին շաբաթը մենք տրամադրեցինք ֆինանսական օգնություն: Բացի այդ՝ մեր կառավարությունը որոշել է 1000 արցախցի երեխաների հանգիստը կազմակերպել Հունգարիայում: Այս ամառ արդեն 120 հոգի այցելել են մեր երկիր՝ Բուդապեշտ եւ այլ քաղաքներ: Մենք նախատեսում ենք մյուս տարի եւս 300-400 արցախցիների հանգիստը կազմակերպել Հունգարիայում:
Հարց – Տասը տարվա դիվանագիտական դադարը ինչպե՞ս է ազդել տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների վրա:
Պատասխան – Մենք նախ եւ առաջ պետք է հասկանանք միմյանց լեզուն, խոսենք մեկմեկու հետ, ճանաչենք մշակույթները: Մեր մշակույթները փոխկապակցված են դարերով: Հայերենը այսօր դասավանդվում է Հունգարիայի համալսարաններից մեկում, այս տարի Երեւանի մանկավարժական համալսարանում բացվեց հունգարական ամբիոն: Մենք ունենք ամբողջական դրույքով հունգար պրոֆեսոր, հունգարական ուսումնասիրությունների կենտրոն: Հունգարիայի համալսարանում մենք ունենք Ստիպենդիում Հունգարիկում, որի շրջանակում ամեն տարի երեսուն հայաստանցի ուսանողներ կարող են ընտրել իրենց մասնագիտությունը:
Գալով առեւտրին՝ կարծում եմ, Հայաստանն ունի շատ ապրանքներ, որ կարող են իրենց տեղն ունենալ Եվրոպական միության եւ Հունգարիայի շուկայում եւ հակառակը: Ես ներուժ եմ տեսնում Բարձր տեխնոլոգիաների ոլորտում, դեղագործության մեջ: Մեր դեղագործական ընկերությունները հայտնի են աշխարհում: Մեկ այլ ոլորտ է էներգետիկան: Հայաստանն ունի ատոմակայան: Նույն ժամանակաշրջանի ատոմակայան ունենք նաեւ մենք, որ ուզում ենք ընդլայնել, կարող ենք փոխանակվել տեղեկատվությամբ: Համագործակցության դաշտ եմ տեսնում նաեւ վերականգնվող էներգիայի ոլորտում՝ լինի քամին կամ արևը: Գինու, կոնյակի ոլորտը եւս կարող է լինել փոխշահավետ համագործակցության շարքում:
Մենք նաեւ ձեզնից սովորելու բան ունենք: Ավանդականորեն, հայերը առեւտրի մեջ ավելի առաջ են, քան հունգարացիները:
Հարց — Մենք տեղեկություն ունեինք, որ Հունգարիան դեմ էր Եվրոպական միության կողմից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրմանը, որն ուղղվելու է ՀՀ զինված ուժերի համար դաշտային հոսպիտալի կառուցման գործին:
Պատասխան — Ո՛չ, այդպես չէ: Մենք դեմ էինք սկզբում, բայց կողմ եղանք, որ նույն նպատակով գումար ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Ադրբեջանը ստանա, եւ երկու երկրներում էլ գումարն օգտագործվի խաղաղ նպատակներով: Գումարը տրամադրելու որոշումն արդեն կայացվել է:
Հարց — Որո՞նք են Բուդապեշտի առաջնահերթությունները Հարավային Կովկասում եւ մասնավորապես՝ Հայաստանում: Մենք գիտենք, որ Հունգարիան շատ լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի եւ Վրաստանի հետ:
Պատասխան — Մեր հիմնական առաջնահերթությունը տարբեր ազգությունների միջեւ կամրջելն է: Մենք՝ հունգարացիներս, Արեւմուտքի արեւելյան ժողովուրդն ենք: Մենք ունենք եվրոպական եւ քրիստոնեական արմատներ եւ կարող ենք կամրջի դեր ունենալ: Մեր հիմնական առաջնահերթությունը հայերի, վրացիների եւ ադրբեջանցիների բարեկեցությունն է: Մենք կարծում ենք, որ ձեր եւ հարեւանների բարեկեցությունը Հարավային Կովկասին կբերի խաղաղություն եւ երջանկություն ապագայում:
Հարց – Հայերը հունգարական պետականության մեջ մոտ հազար տարվա անցյալ ունեն: Խորհրդային վերջին տարիներից սկսած՝ որոշ հայաստանցիներ հաստատվեցին ձեր երկրում:
Պատասխան — Մենք Հունգարիայում ունենք ճանաչված ազգային փոքրամասնություններ: Այդպիսի 13 փոքրամասնություններից մեկը հայերն են: Մենք ունենք ոչ այնքան մեծ, բայց եռանդուն լսելի հայություն: Տրանսիլվանիայի հայությունը խիստ դրական կերպարով է ներկայացված հունգարական գրականության, պատմության եւ հոգեբանության մեջ: