ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ մինչեւ 2024 թվականի վերջը Ուկրաինային կտրամադրեն 20 միլիարդ դոլարի վարկ՝ ռուսական ակտիվների գրավի դիմաց, որոնք սառեցվել են ՌԴ զորքերի Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո, հայտնում է Reuters-ը:
Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ու Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր հայտարարության մեջ ասել է, որ «Ուկրաինան կկարողանա ստանալ իրեն անհրաժեշտ օգնությունը արդեն հիմա՝ առանց հարկատուների վրա ծանրաբեռնվածություն ստեղծելու [ԱՄՆ-ում]»:
Ինչպես հայտնել են Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում, վարկի միջոցների կեսը՝ 10 միլիարդ դոլարը, նախատեսվում է ուղղել ռազմական օգնությանը, ինչը կպահանջի Կոնգրեսի հավանությունը:
Ինչ վերաբերում է մնացած 10 միլիարդ դոլարին, ապա դա էլ կուղղվի տնտեսական աջակցությանը, ինչն արդեն չի պահանջի կոնգրեսականների համաձայնությունը:
«Ամեն դեպքում, ԱՄՆ-ը Ուկրաինային կհատկացնի 20 միլիարդ դոլար այս ջանքերի շրջանակում, անկախ նրանից՝ դրանք կբաժանվեն տնտեսության եւ ռազմական աջակցության միջեւ, թե ամբողջությամբ կտրվեն որպես տնտեսական աջակցություն»,— ասել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հայտարարության մեջ շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին եւ Ջանեթ Յելենին՝ նշելով, որ ԱՄՆ իշխանությունների որոշումը «կարեւոր քայլ է Ուկրաինայի ազատության պայքարի եւ Ռուսաստանի պատասխանատվության ենթարկման աջակցման համար»:
ՌԴ դեսպանատունը Վաշինգտոնում, իր հերթին, ԱՄՆ-ի որոշումը անվանել է անօրինական: «Նույնիսկ սովորական քաղաքացիները հասկանում են, որ այս դեպքում իսկապես «նշանակալի» կարելի է անվանել այն գողությունը, որը բարձրացվել է պետական քաղաքականության մակարդակի»,— հայտարարել են դեսպանատանը:
ԱՄՆ վարկը կդառնա 50 միլիարդ դոլար վարկի մի մասը, որը նախկինում համաձայնեցվել է «Մեծ յոթնյակի» երկրների կողմից:
Եվրոպական խորհուրդը հոկտեմբերի 23-ին հայտնել է, որ հաստատել է Ուկրաինային մինչև 35 միլիարդ եվրոյի վարկը, որը կապահովվի սառեցված ռուսական ակտիվների եկամուտների հաշվին: Սպասվում է, որ վարկը կտրամադրվի մինչև 2024 թվականի վերջը, իսկ մարման առավելագույն ժամկետը կլինի 45 տարի:
ՌԴ զորքերի Ուկրաինա 2022 թվականին լայնածավալ ներխուժումից հետո Արևմտյան երկրները սառեցրել են ավելի քան 300 միլիարդ ռուսական պետական ակտիվներ: Գումարի մեծ մասը պահվում է Եվրոպայում: 2024 թվականի սկզբին Եվրամիությունը սկսել է Ուկրաինային փոխանցել այդ ակտիվների օգտագործման եկամուտները: