ՌԴ Պետդուման հինգշաբթի կայացած նիստում վավերացրեց Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի (Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության, Հյուսիսային Կորեայի) միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Դրա հոդվածներից մեկը նախատեսում է փոխադարձ ռազմական օգնություն։
Պայմանագիրը ստորագրվել է հունիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Փհենյան կատարած այցի ընթացքում։ Պայմանագիրը Պուտինը վավերացման համար խորհրդարան էր ուղարկել հոկտեմբերի 14-ին։
Ներառում է 23 հոդված, որոնք նախատեսում են համագործակցության ընդլայնում գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ տիեզերական եւ միջուկային էներգիայի, առևտրի, տնտեսության եւ ներդրումների։
ԿԺԴՀ-ն աշխարհի ամենաաղքատ երկրներից է, որը տասնամյակներ շարունակ ենթարկվել է ՄԱԿ-ի պատժամիջոցներին միջուկային եւ հրթիռային ծրագրերի զարգացման պատճառով։ Պայմանագրի կետերից մեկն էլ նախատեսում է փոխադարձ օգնություն պատժամիջոցների շրջանցման հարցում։
Պայմանագրի չորրորդ հոդվածը նախատեսում է, որ կողմերը պարտավորվում են միմյանց ռազմական օգնություն ցուցաբերել «իրենց ունեցած բոլոր միջոցներով», եթե կողմերից մեկը ենթարկվի մեկ կամ մի քանի պետությունների զինված հարձակմանը։
ԿԺԴՀ-ն աշխարհի այն քիչ երկրներից է, որը բացահայտ աջակցում է Մոսկվային Ուկրաինայի դեմ պատերազմում։ Փհենյանը ճանաչել է Ռուսաստանի՝ ուկրաինական տարածքների բռնակցումը եւ, բազմաթիվ հաղորդումների համաձայն, ռուսական բանակին ապահովում է զինամթերքով։
Չորեքշաբթի The Wall Street Journal թերթը, հղում անելով անանուն աղբյուրին, հայտնել է, որ Պուտինի եւ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի ստորագրած փաստաթղթում կա գաղտնի կետ, որը թույլ է տալիս հյուսիսկորեացի զինվորների ուղարկումը Ուկրաինայի պատերազմ։ Գաղտնի մասի գոյությունը այլ աղբյուրներով չի հաստատվել, թերթը չի նշել, թե ինչպես կարող է ձեւակերպված լինել այդպիսի համաձայնագիրը։