Մերձավոր Արեւելքում բռնությունը չի ավարտվի, քանի դեռ չեն իրականացվել ՄԱԿ-ի բանաձեւերը, եւ չի ստեղծվել անկախ Պաղեստին պետությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS Plus ձևաչափով նիստում:
«Ինքնին կարգավորումը պետք է իրականացվի միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված հիմքի վրա, որն ուղղակիորեն նախատեսում է անկախ Պաղեստինյան պետության ստեղծում։ Պաղեստինյան տարածքներում խաղաղության եւ կայունության վերականգնման հիմնական պահանջն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ Գլխավոր վեհաժողովի բանաձևերով հաստատված երկու պետությունների ձեւաչափի իրագործումը»,- ասել է ՌԴ նախագահը։
Նրա գնահատմամբ՝ Պաղեստին ժողովրդի հանդեպ պատմական անարդարության շտկումը կարող է երաշխավորել Մերձավոր Արեւելքում խաղաղությունը։
«Մինչ այդ հարցը չի լուծվել, բռնության արատավոր շրջանը չի ընդհատվելու. մարդիկ շարունակելու են ապրել մշտական ճգնաժամի պայմաններում՝ մասշտաբային բռնության անխուսափելի կրկնություններով»,- ընդգծել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաեւ կարծիք է հայտնել, որ Մերձավոր Արեւելքը լայնամասշտաբ պատերազմի շեմին է։
«Մեկ տարի առաջ Գազայում սկսված մարտերն այժմ տարածվել են նաեւ Լիբանանում, եւ տարածաշրջանի այլ երկրներ նույնպես տուժել են։ Կտրուկ աճել է Իսրայելի եւ Իրանի միջև առճակատման աստիճանը։ Այս ամենը շղթայական ռեակցիա է հիշեցնում եւ ամբողջ Մերձավոր Արեւելքը դնում է լայնամասշտաբ պատերազմի շեմին»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը։
Ռուսաստանի նախագահի խոսքերով՝ հումանիտար իրավիճակը նույնպես վատթարանում է։ «Փախստականների եւ ներքին տեղահանված անձանց թիվն արդեն գերազանցել է 1,5 միլիոնը։ Հսկայական վնաս է հասցվել ենթակառուցվածքներին՝ բնակելի տներին, դպրոցներին, հիվանդանոցներին եւ սոցիալական օբյեկտներին, եւ ավերածությունները շարունակվում են»,- նշել է ՌԴ նախագահը։