Կազանում տեղի ունեցող BRICS+ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատեւ զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես, վարչապետը մտքեր է փոխանակել ՉԺՀ—ի նախագահ Սի Ցզինպինի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Աբդալլա բեն Զայիդ Ալ Նահյանի հետ:
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող, այնպես էլ միջազգային նշանակության հարցերի:
Ռուսական TACC-ն էլ ավելի վաղ հաղորդել էր գագաթնաժողովի կլոր սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կարճատեւ զրույցի մասին։ Համացանցում հրապարակված կարճ տեսանյութերից էլ հստակ է դառնում, որ զրույցին միացել են նաեւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Փաշինյանի եւ Ալիեւի հավանական հանդիպման մասին դեռ որեւէ բան չի հաղորդվում։