Եվրոպական միության խորհրդարանը 453 կողմ, 31 դեմ եւ 89 ձեռնպահ ձայներով ընդունեց Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի ոտնահարման եւ Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձեւը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ նշելով, որ այն անդրադառնում է Ադրբեջանում առկա եւ միջազգային հարաբերություններում այդ պետության ստեղծած բոլոր հիմնական խնդիրներին:
Բանաձևով Եվրախորհրդարանը վճռականորեն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա—Աթայի հռչակագրի: Վերահաստատում է իր պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից, Ադրբեջանին կոչ է անում միանշանակ պարտավորվել հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ընդգծում, որ տարածաշրջանային ապաշրջափակման հարցերը պետք է լուծվեն Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով, վերահաստատում է իր դիրքորոշումը, որ ԵՄ—ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառելու Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած անհատի կամ սուբյեկտի նկատմամբ:
Եվրախորհրդարանը պնդում է, որ ցանկացած ապագա գործընկերության համաձայնագիր Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ պետք է կնքվի միայն այդ երկրում իրավական բարեփոխումների իրականացման եւ մարդու իրավունքների վիճակի բարելավման, ինչպես նաեւ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններում ազնվորեն ներգրավվելու՝ Ադրբեջանի պատրաստակամության պայմանով:
Բանաձեւը նաեւ կոչ է անում ԵՄ գործադիր մարմիններին դադարեցնել ապավինել ադրբեջանական գազին որպես այլընտրանք, ինչպես նաեւ ուշադրություն հրավիրում այն մտահոգությունների վրա, ըստ որոնց՝ Ադրբեջանից ԵՄ արտահանվող գազը կարող է լինել նաեւ ռուսական ծագման:
Փաստաթղթում արցախահայերի բռնի տեղահանումը ուղղակիորեն կոչվում է էթնիկ զտում:
Եվրախորհրդարանը վերահաստատում է իր կոչը ԵՄ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են թույլ տվել, ինչպես նաեւ այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք ԵՄ անդամ երկրների ընտրված պաշտոնյաների հասցեին վիրավորական կամ սպառնալից հայտարարություններ են հնչեցրել. այս կապակցությամբ բանաձեւը նաեւ պահանջում է նախ արգելել ադրբեջանցի այդ պաշտոնյաների մուտքը ԵՄ հաստատությունների շենքեր:
Փաստաթղթում ԵՄ խորհրդարանը աջակցություն է հայտնում Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) գործունեությանը եւ ընդգծում նրա կարեւոր դերը: Վերահաստատում է իր մտահոգությունը՝ կապված EUMA-ի դեմ Ադրբեջանից զրպարտչական արշավներին, կոչ էանում EUMA-ին շարունակել ուշադիր հետեւել տեղում զարգացող անվտանգության իրավիճակին, թափանցիկ հաշվետվություն տրամադրել խորհրդարանին եւ ակտիվորեն նպաստել հակամարտությունների կարգավորման ջանքերին, ինչպես նաեւ կոչ է անում ԵՄ—ին եւ նրա անդամ պետություններին ուժեղացնել EUMA-ի մանդատը, մեծացնել դրա չափը եւ երկարացնել դրա տեւողությունը:
Եվրախորհրդարանը համարում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական ոտնահարումն անհամատեղելի է այդ երկրում COP29 համաժողովի անցկացման հետ եւ կոչ է անում ԵՄ անդամ պետություններին անել հնարավորը, որ ՄԱԿ—ի Կլիմայի փոփոխության համաժողովները չհյուրընկալվեն այնպիսի երկրներում, որտեղ մարդու իրավունքների պաշտպանության ցուցանիշներն այդքան ցածր են:
Բանաձեւն անդրադառնում է նաեւ Ադրբեջանում խոսքի, մամուլի ազատության գրեթե ամբողջական բացակայությանը եւ գրաքննությանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ադրբեջանի դեմ ավելի քան 320 վճիռների պահանջների չկատարված կամ թերակատար մնալուն, ավելի քան 300 քաղբանտարկյալների եւ 23 հայ ռազմագերիների առկայությանն ու այլախոհների հետապնդմանը ինչպես Ադրբեջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, Եվրոպայում պաշտոնյաներին եւ ընտրված ներկայացուցիչներին կաշառելու համակարգված քաղաքականությանը՝ «խավիարային դիվանագիտությանը»: