Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր՝ հոկտեմբերի 24-ին, իր առանձնատանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Այս մասին հայտնում է առաջին նախագահի ֆեյսբուքյան էջը։
Գրառման մեջ նշվում է, որ դեսպանի խնդրանքով նախագահը անդրադարձել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրներին։ Միաժամանակ Տեր-Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ներկայիս ծանր իրավիճակում Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի կառավարության դրսեւորած անկեղծ եւ սկզբունքային աջակցության համար։
«Անդրադառնալով Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի կառավարության եւ ժողովրդի տածած ջերմ բարեկամական զգացմունքներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հատկապես մատնանշել է Շառլ Ազնավուրի հուղարկավորության եւ Միսաք ու Մելինե Մանուշյանների աճյունները Պանթեոնում ամփոփելու հոգեցունց եւ խորհրդանշական պետական արարողությունները»,- ասվում է գրառման մեջ։
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։
Հանդիպմանը X-ի էջում անդրադարձել է նաեւ Ֆրանսիայի դեսպան Դըկոտինյին։
«Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինձ պատվի է արժանացրել ընդունելու եւ զրուցելու Հայաստանի իրավիճակի եւ մեր երկու երկրների հարաբերությունների մասին»,- գրել է դեսպանը։