Չինաստանում հանդիպել են Իրանի եւ Ադրբեջանի էներգետիկայի նախարարները եւ քննարկել «Խուդաֆերին» եւ «Կույսի աշտարակ» հէկ-երի ու Արաքս գետի վրա ջրամբարի համատեղ շահագործման, երկու երկրների եւ Ռուսաստանի էլեկտրական հզորությունների ինտեգրման եւ էներգակիրների արտահանման հարցերը:
Արաքսի հովտում հէկ-երի եւ ջրամբարի կառուցման նախագիծ մշակվել է դեռեւս ԽՍՀՄ գոյության տարիներին: Ծրագիրը չի իրականացվել Խորհրդային Միության փլուզման, ԼՂ հակամարտության եւ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակի պատճառով: Այդուհանդերձ, իրանական կողմը, երեւի 2010-ականներին, ձեռնամուխ է եղել շինարարական աշխատանքներին:
Ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններից հետո Իրանը եւ Ադրբեջանը պայմանավորվածության են հասել, որ կառույցին կներգրավվեն նաեւ ադրբեջանցի մասնագետներ: Այս շրջանում տեղեկություն է տարածվել, որ ջրամբարի կառուցման առնչությամբ հայկական կողմը համաձայնել է Պաշտպանության բանակի դիրքերի «փոփոխություն կատարել»: Քառասունչորսօրյա պատերազմից հետո ադրբեջանական մամուլը գրել է, որ հայկական ուժերը «տասը կիլոմետր խորությամբ հետ են քաշվել, եւ ինժեներական կառույցների անվտանգությունն ապահովելու համար տեղաբաշխվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումներ»:
Իրականությանը որքանով է համապատասխանում այդ տեղեկությունը՝ շատ դժվար է հաստատել կամ հերքել: Ուշագրավ է, որ նույն շրջանում ԼՂՀ կառավարությունը հաստատել է «Արաքսավան» ծրագիրը: Այն ենթադրում էր նոր բնակելի ավանի կառուցում՝ սոցիալական բոլոր ենթակառուցվածքներով, Արաքսի հովտում տասնյակ հազարավոր հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի ականազերծում, այգիների եւ գյուղմթերքի վերամշակման ձեռնարկությունների հիմնադրում: Ինչ միջոցներ են պետական բյուջեից հատկացվել այդ ծրագրին՝ ստույգ հայտնի չէ: Իրազեկ աղբյուրների վկայությամբ՝ խոսքը մի քանի միլիարդ դրամի մասին է:
Ըստ ծրագրի՝ Արաքսավանում պետք է վերաբնակվեին Լիբանանից եւ Սիրիայից հայեր, որ ունեին ձիթենու այգիներ հիմնադրելու փորձ եւ մտադիր էին այն կիրառելու Արաքսի բարեբեր հովտում: 2016 թվականի ապրիլի առաջին օրերին ադրբեջանական բանակը հարձակման է անցել նաեւ այդ ուղղությամբ եւ տիրացել Լելե-թեփե բարձունքին՝ խնդիրներ հարուցելով Հադրութ-Ջեբրայիլ հաղորդակցության անվտանգության համար: Ըստ էության, ապրիլյան քառօրյա մարտերից հետո «Արաքսավան» ծրագրի իրականացումը գրեթե չեղարկվել է:
Ի՞նչ իմաստ ուներ Հադրութից գրեթե քառաուն կիլոմետր հեռավորության վրա բացարձակապես ամայի տարածքում՝ Իրանի հետ սահմանի անմիջական հարեւանությամբ, բնակավայր հիմնադրելու եւ գյուղատնտեսություն զարգացնելու ծրագիրը: Որ այն «փողերի լվացման» հնարավորություն էր, կասկած չկա, բայց երբ խնդիրը փորձում ենք գնահատել հետահայաց սթափությամբ, տպավորություն է ձեւավորվում, թե «Արաքսավանը» պարզ խաբկանք էր:
Իշխանությունը պարզապես արցախցիներին ներշնչում էր, որ «մի թիզ հող անգամ թշնամուն չի զիջվելու»: Ի դեպ, նույնը կարելի է ասել ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Թալիշում կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու, մի քանի տասնյակ շքեղ առանձնատներ կառուցելու, Մատաղիսում սեւ խավիարի արտադրություն հիմնադրելու «պետական ծրագրերի» մասին:
Դիտողունակ մարդիկ կհիշեն, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանի ԱԱԾ տնօրեն Վանեցյանն այցելել է Արաքսավան եւ հայտարարել, որ ծրագիրը ոչ միայն չի չեղարկվի, այլեւ ավելի կընդլայնվի: Աշխարհում, երեւի, նման նախադեպ չգտնվի, երբ պետության հատուկ ծառայության ղեկավարը թույլ տա խոսել միջազգայնորեն այլ երկրի պատկանող տարածքների յուրացման մասին:
Նույն տեղում այսօր Ադրբեջանը եւ Իրանը համատեղ էներգետիկ ծրագրեր են իրականացնում: Եթե նրանց շահերն արմատապես համընկնեն, Թեհրանը կարող է վաղը համաձայնել, որ ռուս-ադրբեջանա-իրանական էներգակիրները տարանցվեն «Զանգեզուրի միջանցքով»: Իսկ մենք դեռ «Արաքսավանի» խաբկանքից չենք ձերբազատվել:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։