ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Պետքարտուղարության գրավոր հաղորդագրության համաձայն, որը հրապարակված է խոսնակ Մեթյու Միլլերի անունից, նշվում է, որ Բլինքենը ցավակցություն է հայտնել հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, քննարկել Լիբանանում եւ Գազայում ընթացող հակամարտությունները դադարեցնելու, ինչպես նաեւ պատանդառված իսրայելցիներին վերադարձնելու անհրաժեշտությունը։
Հաղորդագրության վերջում նշվում է, որ կողմերը քննարկել են նաեւ «փոխկապակցվածության ամրապնդմամբ Հարավային Կովկասում արդար եւ կայուն խաղաղության հասնելու կարեւորությունը, որը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին»։
Հիշեցնենք, որ անցնող շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումներ էր ունեցել տարածաշրջան ժամանած ԱՄՆ նախագահի օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը։
Դիվանագետը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին էր հանձնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրեթե նույն բովանդակությամբ նամակները։ Դրանցում ԱՄՆ նախագահը կողմերին քաջալերում էր այս տարի վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը եւ ընդգծում, որ իր վարչակազմը պատրաստ է իրագործելու համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթելու ճանապարհը դեպի խաղաղություն։
Առանց այլ մանրամասնությունների Բայդենը նամակներում նաեւ նշում էր, որ իր օգնական Քարփենթերին խնդրել է տեղեկացնել որոշ քայլերի մասին, որոնք Վաշինգտոնը կուզենար ձեռնարկել, եւ ստանալ կողմերի կարծիքը մյուսի հետ քննարկումների վերաբերյալ: