Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավար Դեյվիդ Բառնեան ժամանել է Կահիրե երկրի գլխավոր անվտանգության ծառայության պատվիրակության ուղեկցությամբ։ Այս մասին հայտնում է «Ալ-Քահիրա ալ-Ախբարիա» հեռուստաալիքը։
Լրատվականի աղբյուրը հաղորդել է, որ իսրայելական պատվիրակությանը Կահիրեում ընդունել են Եգիպտոսի անվտանգության ուժերի բարձրաստիճան անդամները եւ երկրի զինված ուժերի ներկայացուցիչները։
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում եգիպտացի պաշտոնյաները իրենց իսրայելցի գործընկերներին նախազգուշացրել են Գազայի հատված մարդասիրական օգնության անարգել մատակարարումը ապահովելու անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ «հայտնել են իրենց անհամաձայնությունը Գազայում իսրայելական զինվորականների գործողությունների վերաբերյալ»:
Հանդիպումը տեղի է ունեցել «Գազայի վերաբերյալ բանակցություններին վերադառնալու Եգիպտոսի ջանքերի շրջանակում»,- ընդգծել է աղբյուրը։
Հինգշաբթի երեկոյան էլ հեռուստաալիքը հայտնել էր, որ Կահիրե է ժամանել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը։ Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հաստատումը խոչընդոտող արգելքների հաղթահարման ուղիները։
Նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Բառնեան հոկտեմբերի 27-ին կմեկնի Կատարի մայրաքաղաք Դոհա։ Դոհայում նա կհանդիպի ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բեռնսի եւ Կատարի վարչապետ Մուհամեդ բին Աբդուլ Ռահման Ալ Թանիի հետ, որոնց հետ կքննարկի Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման հնարավոր բանակցությունների պարամետրերը։
Հիշեցնենք, որ Գազայում հրադադարի եւ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառվածների ազատ արձակման շուրջ բանակցություններն ընթանում են Եգիպտոսի, Կատարի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ: Օգոստոսին վերսկսված խորհրդակցությունների մի քանի փուլից հետո կողմերը համաձայնության չեկան գործարքի հիմնական հարցերի շուրջ։
Նախօրեին հայտնի էր դարձել նաեւ, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դիմել է Ռուսաստանին, Ալժիրին եւ Չինաստանին Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման եւ Իսրայելի հետ հրադադարի շուրջ համաձայնության հասնելու խնդրանքով։
«Մենք խնդրեցինք Ռուսաստանին, Չինաստանին եւ Ալժիրին ջանքեր գործադրել Գազայի դեմ [իսրայելական] ագրեսիան դադարեցնելու համար»,- լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին հայտնել էր շարժման քաղբյուրոյի անդամ Ուսամա Համադանը՝ հավելելով, որ հենց այդ նպատակով է բանագնացների խումբը ուղեւորվել Մոսկվա: Նա նաեւ նշել էր, որ Իսրայելի հետ բանակցությունների հիմնական միջնորդ երկրները ՀԱՄԱՍ-ին հրավիրել են Դոհա՝ տեղեկացնելով, որ առաջընթացի հնարավորությունները մեծ են։