Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչների հետ, որոնք Վրաստան են ժամանել հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության շրջանակում։
«Վրացական երազանքից» հանդիպմանը մասնակցել են վարչապետ Իրակլի Կոբախիձեն եւ մեծամասնության պատգամավորներ Մակա Բոչորիշվիլին ու Գիվի Միկանաձեն։
Վրաստանի կառավարության ղեկավարը լրագորղների հետ զրույցում հանդիպումը որակել է «դրական»։
Մակա Բոչորիշիլին էլ լրագրողներին ասել է, որ հանդիպման հիմնական թեման եղել է Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակը եւ նախընտրական իրավիճակը։
«Հարցը վերաբերում էր ընտրական գործընթացին, թե ինչպես է ընթանում նախընտրական քարոզարշավը, ինչպիսին է քաղաքական իրավիճակը Վրաստանում, որն է քաղաքական կուսակցությունների հիմնական օրակարգը եւ, ընդհանրապես, ինչ ակնկալիքներ ունենք ընտրություններից։ Սրանք այն հարցերն են, որոնք մենք քննարկել ենք»,- ասել է պատգամավորը։
Իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչները հանդիպել են ընդդիմադիրների հետ։ Իշխանությունների ընդդիմախոսները հայտնել են, որ դիտորդներին պատմել են նախընտրական շրջանում հնարավոր խախտումների մասին։
«Երազանքը», ինչպես հայտնի է, պնդում է, որ ընտրական միջավայրը հանգիստ է, արդար եւ մրցակցային։ Իրականում դա այդպես չէ։ Մեր կուսակցությունը, ինչպես գիտեք, Իվանիշվիլիի սպառնալիքների եւ հարձակումների հիմնական թիրախն է, եւ, բնականաբար, մենք այդ ապացույցները փոխանցել ենք դիտորդներին»,- ասել է հանդիպմանը մասնակից «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության անդամ Նատիա Մեզվրիշվիլին։