Վրաստանի եվրոպական ուղի վերադառնալուց է կախված նաեւ հարեւան Հայաստանի լինել-չլինելը, այս մասին ֆեյսբուքյան էջում հայերեն գրել է անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Սաակաշվիլիի հայերեն ուղերձում մասնավորապես ասվում է․ «Իմ թանկագին հայ հայրենակիցներ: Մեր ընդհանուր հայրենիքի՝ Վրաստանի ճակատագիրն է որոշվում։ Մի՛ վախեցեք անցողիկ կառավարությունից, հոկտեմբերի 26-ին գնացե՛ք ընտրության եւ գունավորե՛ք ընդդիմությունը՝ 5 համարը։ Իմացե՛ք, Վրաստանի եվրոպական ուղի վերադառնալուց է կախված նաեւ մեր հարեւան Հայաստանի լինել-չլինելը, ինչպես նաեւ Կովկասում խաղաղության ճակատագիրը։ Ես ապավինում եմ Ձեր հայրենասիրությանը եւ իմաստությանը։ Ձեր՝ Միխեիլ Սաակաշվիլի»:
Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն վաղը՝ հոկտեմբերի 26-ին։ Այս ընտրությունները դիտարկվում են նաեւ որպես ընտրություն Վրաստանի դեպի ռուսական ուղեծիր գնալու եւ եվրաինտեգրումը շարունակելու միջեւ։