«Անկախ դիտորդ» դաշինքը՝ ի դեմս «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» եւ «Իրազեկ քաղաքացիների միավորման», դիտորդական առաքելություն է իրականացնելու վաղը կայանալիք Վրաստանի խորհրդարանական ընտրություններում: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
Հաղորդագրության համաձայն՝ առաքելության կազմում ընդգրկված են հայաստանյան 18 դիտորդներ, որոնք քվեարկությանն ու հաշվարկին հետեւելու են 9 խմբի կազմով: Մինչ ընտրությունները դիտորդները հանդիպել են թե՛ Վրաստանում հավատարմագրված այլ միջազգային ու տեղական առաքելությունների ներկայացուցիչների եւ թե՛ Վրաստանի կենտրոնական ընտրական վարչակազմի ղեկավարության հետ:
Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում, ինչպես եւ Հայաստանում, գլխավոր (միակ) համապետական ընտրություններն են: Այս անգամ դրանք կայանալու են ամբողջությամբ համամասնական ընտրակարգով, որի արդյունքում Վրաստանի քաղաքացիներն ընտրելու են օրենսդիրի 150 պատգամավորների: