Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հաշված ժամեր են մնացել։ Այս խորհրդարանական ընտրությունները Վրաստանի համար շատ կարեւոր ու վճռորոշ են լինելու։ Ընտրությունների կարեւորությունը մի քանի գործոններով են պայմանավորված։
Նախ` մինչ ընտրությունները բազում փոփոխություններ կատարվեցին, փոխվեց Ընտրական օրենսգրքի մի քանի կետ։ Առաջին անգամ Վրաստանի քաղաքացիները կընտրեն լրիվ համամասնական ընտրակարգով, բնակիչների 90 տոկոսից ավելին՝ էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ, այլ փոփոխություններ եւս կան, որոնց մասին բազմիցս գրել է «Ալիք Մեդիա»-ն։
Հոկտեմբերի 25-ին երկրի ամբողջ տարածքում ընթանում էին նախապատրաստական աշխատանքներ, իսկ թե ինչ տրամադրություններ են իշխում Ախալքալաքում, դրա մասին խոսեցին մեր զրուցակիցները։
«Ընտրություններին գնալու եմ, գիտեմ, որ պարտադիր է մասնակցելը։ Որոշ կուսակցությունների գործունեությանը ծանոթ եմ, իսկ ոմանց ո՛չ տեսել ենք, ո՛չ էլ լսել։ Ցանկալի կլիներ, որ բացի իշխող կուսակցությունից՝ մնացածներն էլ ակտիվ լինեին մեր մունիցիպալիտետում։ Հիմնականում համոզված են լինում, որ մեզ մոտ իշխող կուսակցությանն են աջակցում բոլորը, դրա համար գալիս են, մի երկու պաստառ փակցնում ու վերջ»,- ասաց Ախալքալաքի բնակիչներից մեկը։
Մեկ այլ բնակչի համոզմամբ` ընտրություններին քաղաքացիները մեծ ակտիվությամբ են մասնակցում, բայց թե որքանով են վստահ, որ դրանք չեն կեղծվի, հստակ չգիտի․
«Այս ընտրությունները էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով են անցկացվելու, Հայաստանում էլ են գործածվել այս տեխնոլոգիաները։ Կարծում եմ` բավականին վստահելի են։ Սակայն իմ շուրջը շատերից եմ լսել, որ ընտրությունները կարելի է անգամ նման տեխնոլոգիաների կիրառմամբ կեղծել, եւ այնքան էլ չեն վստահում, բայց իրենց ձայնը տալու համար մեծ մասը գնալու է»։
Ախալքալաքից մեծ քաղաքներ մեկնած ուսանողները հիմա մունիցիպալիտետում չեն, բայց ոմանք որոշել են գալ եւ քվեարկել։ Արփինե Մարտիրոսյանը սովորում է Թբիլիսիի պետական համալսարանում, իսկ ընտրություններին որպես դիտորդ է մասնակցելու։
«Այս տարի առաջին անգամ եմ մասնակցելու ընտրություններին, բայց միայն ձայն տալու համար երեւի չգայի Թբիլիսիից. երբ գրանցվեցի նաեւ որպես դիտորդ, շատ ուրախացա, որ նաեւ ընտրություններին կկարողանամ մասնակցել։ Միանշանակ բոլորին կոչ եմ անում գնալ ընտրության»,- ասաց ուսանողուհին։
Տաթեւ Խոցանյան
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ