Ընտրությունները ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնարար առանցքն են եւ ժողովրդի համար իրենց ներկայացուցիչներին ու առաջնորդներին ընտրելու միջոց են ծառայում:
Դարերի ընթացքում ընտրությունները զարգացել եւ հարմարվել են փոփոխվող հասարակական նորմերին, տեխնոլոգիական առաջընթացին եւ գլոբալ իրադարձություններին: Այսօր ընտրությունները վճռորոշ դեր են խաղում ամբողջ աշխարհի ժողովուրդների քաղաքական լանդշաֆտի ձեւավորման գործում: Հոկտեմբերի 26-ը Վրաստանի համար շատ կարեւոր ու վճռորոշ օր է լինելու։ Երկրի ամբողջ տարածքում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, իսկ թե ինչ տրամադրություններ են իշխում Նինոծմինդայում, դրա մասին խոսեցին մեր զրուցակիցները։
«Ինչպես գիտենք, շուտով անցկացվելու են շատ վճռական եւ կարեւոր ընտրություններ, որն էլ որոշելու է մեր բոլորիս ապագան։ Ի տարբերություն մյուս շրջանների, որտեղ անցկացվում են ընտրությունները, Նինոծմինդայում պատկերը լրիվ այլ է։ Շատ շրջաններում՝ լինի գյուղ թե քաղաք, բոլորը նախընտրական փուլում ուսումնասիրում են եւ հետաքրքրվում են յուրաքանչյուր ներկայացուցչով, թե ով է, ինչ կարող է անել երկրի եւ բնակիչների բարօրության համար։ Այս ամենին հակառակ` իմ գյուղում ու նաեւ ամբողջ Նինոծմինդայի տարածքում ոչ ոք ոչնչով չի հետաքրքրվում` պատճառաբանելով, թե` «մեկնումեկին ձայն կտանք», քանի որ կարծում են` երկրում ոչ մի զգալի փոփոխություն տեղի չի ունենալու»,- ասաց Փոքր Արագյալ գյուղի բնակիչը։
Մեր զրուցակիցը խոսեց նաեւ այն մասին, որ շատերը նույնիսկ տեղյակ չեն երկրում տիրող իրավիճակի մասին, եւ թե ում են տալու իրենց ձայնը` պատկերացում անգամ չունեն։
«Մեզ մոտ ժողովրդի մեծամասնությունը քննարկումներ է անում ընտրությունների նախօրեին, մեկը մյուսին հարցնում է, թե ով ում է ընտրելու, եւ դրանից հետո որոշում են ում ընտրել կամ ընդհանրապես չգնալ ընտրություններին. ա՛յ, սա է դառը իրականությունը»,-ավելացրեց նա։
«Ալիք Մեդիա»-ի հաջորդ զրուցակիցը Նինոծմինդա քաղաքի բնակիչ է։ Նրա կարծիքով` Նինոծմինդան այս նախընտրական շրջանում, նախորդների համեմատ, ավելի ակտիվ է։
«Այս տարի ակտիվություն եմ նկատում` հատկապես երիտասարդների շրջանում։ Այս պահի դրությամբ քաղաքում նախապատրաստական աշխատանքներ են տարվում, պաստառները վաղուց փակցված են, թեեւ չեմ կարող չասել, որ փակցվելուց հետո առավոտյան դրանք արդեն պատառոտված են լինում շատ վայրերում, պատճառը կամ քամին է, կամ էլ․․․
Այս պահին ամենակարեւորն այն է, որ հոկտեմբերի 26-ին բոլորս մեկ մարդու նման գնանք ընտրությունների, կատարենք մեր քաղաքացիական պարտքն ու ընտրենք մեր ապագան: Մենք մեր կյանքն այսպես թե այնպես ապրել ենք, հերթը հիմա երիտասարդներինն է, թողնենք գոնե ապրեն այնպես, որ համ հեշտ լինի, համ էլ իրենց խոսքն ուժ ունենա վերին ատյաններում»,- ասաց Նինոծմինդայի բնակիչը»։
Մեր զրուցակիցը հարցազրույցի ավարտին բոլորիս խրախուսեց ու հորդորեց, որ գնանք ընտրության ու ընտրենք մեր ապագան։
Տիրուն Բիչախչյան
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ