Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Ժամը 8-ից քվեարկության համար բացվել են ընտրական տեղամասերը:
Օրենսդիր մարմնի 150 պատգամավորներն առաջին անգամ ընտրվելու են ոչ թե խառը, ինչպես նախկինում, այլ ամբողջովին համամասնական համակարգով: XI գումարման խորհրդարան մուտք գործելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն հինգտոկոսանոց շեմը:
Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում դիտարկվում են նաեւ ընտրություն երկրի ԵՄ ինտեգրման ուղու եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման միջեւ։
Ըստ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3044-ը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Ընտրողների ընդհանուր թիվը 3 508 294 է: Նոր, էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործմամբ ընտրություններին կարող են մասնակցել 3 113 747 ընտրողներ:
Համեմատած 2020 թվականի ընտրությունների հետ՝ ընտրողների թիվը նվազել է 17 729-ով: Միեւնույն ժամանակ, մոտ 200 հազար քաղաքացի, որոնք ունեն ընտրելու իրավունք, չեն կարողանա մասնակցել քվեարկությանը, քանի որ չունեն գործող անձնագրեր։
Քվեարկությանն արդեն մասնակցել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որոնք վերջին ամիսներին բավականին լարված հարաբերություններ ունեին իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած ու ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի պատճառով, որը հաճախ կոչվում է նաեւ ռուսական օրենք։
Քվեարկությունից հետո նախագահ Զուրաբիշվիլին լրագրողների հետ զրույցում նշել է․ «Ցանկանում եմ շնորհավորել ամբողջ Վրաստանին այսօրվա կապակցությամբ։ Սա երջանիկ օր է։ Ես չեմ քվեարկել ինչ-որ մեկի համար, այս անգամ քվեարկել եմ ինչ-որ բանի համար։ Ես քվեարկել եմ նոր Վրաստանի համար, այն Վրաստանի համար, որի համար 22 տարի առաջ եկա այս երկիր։ Ես քվեարկել եմ այն Վրաստանի համար, որի համար աղոթում էին իմ բոլոր նախնիները, որի համար աղոթում է ամբողջ Վրաստանը։ Այս գիշեր բոլորս հաղթող կլինենք։ Ոչ ոք չի հիասթափվի, որովհետեւ կհաղթի Վրաստանը»։
Վարչապետ Կոբախիձեն էլ, վստահություն հայտնելով, որ «Վրացական երազանք»-ը հավաքելու է քվեների 60 %-ը, նշել է, որ ընդդիմությունը պետք է «համակերպվի այն փաստին, որ վրաց ժողովուրդն ամբողջովին հրաժարվել է մութ անցյալ վերադառնալուց»։ Նա հրաժարվել է պատասխանելուց այն հարցին, թե արդյոք իշխանությունը կհանձնի ընդդիմությանը, եթե վերջինս հաղթի։
«Շատ սկզբունքային, վճռական ընտրություններ են։ Ընտրություններ, որոնք համարժեք են հանրաքվեի, համարժեք են 2012 թվականի ընտրություններին, որոնց միջոցով կրկին պետք է վերջնականապես որոշվի երկրի զարգացման ուղղությունը։ Սա հանրաքվե է պատերազմի եւ խաղաղության, անբարոյական քարոզչության եւ ավանդական արժեքների, մութ անցյալի եւ պայծառ ապագայի միջեւ»,- ասել է Կոբախիձեն։
«Վրացական երազանք» կուսակցության 60% վարկանիշի մասին են հայտնում նաեւ կառավարամետ «Իմեդի» հեռուստաալիքը եւ GORBI ընկերությունը, որոնք պնդում են, որ միայն երկու ընդդիմադիր կուսակցություններ են հաղթահարում հինգտոկոսանոց շեմը։
Այս տվյալները զգալիորեն տարբերվում են ընդդիմադիր ալիքների տվյալներից։ «Ֆորմուլա» հեռուստաալիքի պատվերով Edison Research-ի անցկացրած հարցման համաձայն՝ «Երազանքը» հավաքում է 34%, իսկ ընտրական շեմը հաղթահարող եվրոպամետ ընդդիմադիր կուսակցությունները՝ 53%:
Savanta ընկերության հարցման տվյալներով, որ հրապարակել է «Մտավարի» հեռուստաընկերությունը, իշխող կուսակցությունը հավաքում է 35%, իսկ չորս հիմնական եվրոպամետ ընդդիմադիր կուսակցությունները՝ 52%։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ չորս հիմնական ընդդիմադիր կուսակցությունները հույս ունեն, որ ընտրությունների արդյունքներից հետո կձեւավորեն կոալիցիոն (հնարավոր է, տեխնիկական) կառավարություն։