Հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ մի շարք «ճշգրիտ հարվածներ» է հասցրել Իրանում գտնվող ռազմական օբյեկտներին՝ ներառյալ հրթիռային գործարաններին եւ «երկիր-օդ» դասի հրթիռային համալիրների տեղակայման վայրերին։ Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ ռմբակոծությունները Թեհրանի կողմից «ամիսներ շարունակվող հարձակումների» պատասխանն են:
«Իրանի ռեժիմը եւ նրա տարածաշրջանում արբանյակային ուժերը անընդմեջ հարձակվում են Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ից՝ յոթ ճակատով, ներառյալ ուղիղ հարձակումները իրանական հողից։ Ինչպես ցանկացած այլ ինքնիշխան պետություն աշխարհում, Իսրայելն ունի պատասխանելու իրավունք եւ պարտավորություն»,- նշված է Իսրայելի բանակի հայտարարության մեջ։
Օդային հարվածներն իրականացվել են մի քանի ալիքներով, մոտավորապես 1:00-ից մինչեւ 5:00-ն: Օդ են բարձրացել ավելի քան հարյուր կործանիչներ, այդ թվում՝ F-35-ներ։
Իսրայելի պատասխան հարձակման ծավալները դեռեւս ամբողջությամբ պարզ չեն, սակայն իսրայելական հանրային հեռարձակող ընկերությունը հայտնում է, որ տասնյակ կործանիչներ հարվածներ են հասցնում Իրանի ռազմական օբյեկտներին, նշում է Reuters գործակալությունը։ Իրանական Fars լրատվական գործակալությունը հաստատել է այս տեղեկությունները եւ նշել, որ Իսրայելի հրթիռային հարվածներին ենթարկվել են Թեհրանի արեւմուտքում եւ հարավ-արեւմուտքում տեղակայված մի քանի ռազմակայաններ։
Իսրայելի 12-րդ հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածների հիմնական թիրախը եղել են Իրանի պաշտպանության արդյունաբերության կենտրոնական ռազմական օբյեկտները, այդ թվում՝ հրթիռների արտադրության գործարաններ, անօդաչուների մշակման եւ արտադրության ձեռնարկություններ, ինչպես նաեւ բալիստիկ հրթիռների արձակման բազաներ։
BBC-ի պարսկական ծառայությունը, հղում կատարելով Թեհրանի բնակիչների վկայություններին, հայտնում է, որ տեղի ժամանակով 2:13-ին 7-15 պայթյուն է գրանցվել Իրանի մայրաքաղաքի հարավային արվարձաններում՝ Խոմեյնի միջազգային օդանավակայանի եւ Քարաջ քաղաքի շրջանում, որը Թեհրանից 40 կմ արեւմուտք է։
AFP գործակալությունը, հղում կատարելով Իրանի պետական հեռուստատեսությանը, հայտնել է, որ Թեհրանի երկու օդանավակայանների աշխատանքները շարունակվում են «սովորական ռեժիմով»։ Սակայն մի քանի ժամ անց Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչը Irna գործակալությանը հայտնել էր, որ բոլոր երթուղիներով թռիչքները հետաձգվել են։
Առավոտյան՝ ժամը 3-ից հետո, սկսվել էր հարվածների երկրորդ ալիքը։ Reuters գործակալությունը, հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին, հաղորդել է, որ Թեհրանի արեւելքում եւս չորս պայթյուն է եղել՝ հավելելով, որ «հակաօդային պաշտպանության համակարգը դեռեւս ակտիվ է» մայրաքաղաքում։
Մոտ ժամը 6-ին իսրայելական հանրային հեռուստատեսությունը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունը Իրանի դեմ ավարտվել է երեք հարվածային ալիքներից հետո։ Այս տեղեկությունը հաստատել է նաեւ Axios-ը՝ հավելելով, որ երկրորդ եւ երրորդ ալիքներն ուղղված էին հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի բազաներին ու արտադրական հարթակներին։
Ավելի ուշ գործողության հաջող ավարտի մասին հայտարարել էց նաեւ Իսրայելի պաշտպանության բանակը՝ որեւէ նշում չանելով հարվածային ալիքների մասին։ Գործողությունը կրել է «Ապաշխարանքի օրեր» անվանումը։ Սա առաջին ռազմական գործողությունն է Իրանի տարածքում, որի համար Իսրայելի իշխանությունները պաշտոնապես ստանձնել են պատասխանատվություն։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ իսրայելական զինված ուժերի շրջանում տուժածներ չկան։
Ժամեր անց Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հաստատել են իսրայելական օդուժի հարձակման մասին տեղեկությունները՝ նշելով․ «Չնայած Իսլամական Հանրապետության պաշտոնյաների կողմից հանցավոր եւ անօրինական սիոնիստական ռեժիմին ուղղված նախկին զգուշացումներին՝ խուսափելու արկածախնդիր գործողություններից, այսօր առավոտյան այս կեղծ ռեժիմը հարձակվել է Թեհրանի, Խուզեստանի եւ Իլամի նահանգների ռազմական կենտրոնների վրա»։
Հայտարարության համաձայն՝ հարձակումները հաջողությամբ հետ են մղվել, սակայն որոշ հենակետերի պատճառվել է «սահմանափակ վնաս»։
Tasnim իրանական լրատվական գործակալությունն էլ, հղում կատարելով աղբյուրներին, հաղորդել է, որ Իրանն ի վիճակի է պատասխան տալու ցանկացած իսրայելական «ագրեսիայի», եւ կասկած չկա, որ Իսրայելը կստանա համաչափ արձագանք իր ցանկացած գործողության համար։
Իսրայելի կառավարության ներկայացուցիչը NBC News-ին հաստատել է, որ իսրայելական հարձակումը կենտրոնացած է եղել ռազմական թիրախների վրա եւ ուղղված չի եղել Իրանի նավթային կամ միջուկային օբյեկտներին, ինչը նախկինում մտահոգություն էր առաջացրել ԱՄՆ նախագահի վարչակազմում։ Սպիտակ տունը Իսրայելի պաշտպանության բանակի հարվածները բնութագրել է որպես «ինքնապաշտպանության գործողություն», որն ուղղված է եղել ի պատասխան Իրանի կողմից հոկտեմբերի 1-ին զանգվածային հրթիռային հարձակման։
Axios-ի տվյալներով՝ Իսրայելի իշխանությունները Ջո Բայդենի վարչակազմին նախապես Իրանի դեմ գործողության մասին տեղեկացրել են մի քանի ժամ առաջ։ Ըստ նույն աղբյուրի՝ Իսրայելի կառավարությունը միջնորդների միջոցով նախապես զգուշացրել է նաեւ Իրանին սպասվող հարվածների մասին։ Axios-ի աղբյուրները նշում են, որ իսրայելական զինվորականները իրանական կողմին հստակ ակնարկել են, թե հատկապես ինչ օբյեկտների են մտադիր հարվածել՝ զգուշացնելով, որ Թեհրանի պատասխան գործողությունները կարող են հանգեցնել ավելի լուրջ լարվածության։