Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասը փակվել է, հայտնել է «Netgazeti»-ի թղթակիցը։
Մինչ այդ տեղամասից կադրեր էին հրապարակվել, որտեղ ընտրողներից մեկը քվեաթերթիկներ է նետում քվեատուփ։ Դրանից հետո դիտորդները պահանջել են չեղյալ համարել այդ տարածքի ընտրության արդյունքները։
Այս դեպքի տեսագրությունը հրապարակած անձը նշել է, որ դիտորդները նախ ֆիզիկական բռնության են ենթարկվել, ապա վտարվել են տարածքից։
Նշենք, որ ԿԸՀ նախագահն արձագանքել է Մառնեուլիում քվեաթերթիկների լցոնման կադրերին եւ կոչ է արել ընտրական հանձնաժողովին պարզել իրավիճակը։
«Սա մտահոգիչ տեղեկություն է, եւ վարչակազմը թույլ չի տա, որ նման միջադեպերը խաթարեն ընտրությունների օրվան ընդառաջ ամիսներ շարունակ մեր ներդրած ջանքերը:
Ուզում եմ ահազանգել եւ խնդրել Մառնեուլիի շրջանային ընտրական հանձնաժողովին պարզել ստեղծված իրավիճակը, հանձնաժողովի նիստ գումարել եւ համապատասխան որոշում կայացնել»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ Մառնեուլիի 74-րդ ընտրատեղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին։ Դիտորդի խոսքերով՝ ինքը դիտողություն է արել հանձնաժողովի անդամներին սեղանների դասավորության և մակնշման խախտումների վերաբերյալ, որից հետո ինչ-որ մարդկանց խումբ պահանջել է լքել տարածքը: Նա խոսքերով՝ խմբի անդամները վերահսկում էին նաեւ ընտրողների որոշումները։
Հիշեցնենք, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 044-ը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։
150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ և միավորումներ: Նրանց մասին հավելյալ տեղեկությունները հասանելի են այս հղմամբ: Այս խորհրդարանական ընտրությունները երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։