«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի (ՎԵԻԱ) նախագահը խոսել է ընտրախախտումների մասին։
Ըստ նրա՝ ՎԵԻԱ—ի դիտարկած որոշ տարածքներ 06:45-ին չեն բացվել նախապատրաստական աշխատանքների համար։
Նաձալադեւիի, Կրծանիսիի եւ Սաբուրթալոյի շրջանների մի քանի ընտրատեղամասերում առավոտյան՝ 06:45-ի դրությամբ ընտրատեղամասի բացման համար անհրաժեշտ ընթացակարգերը նախապես են սկսվել, տեղ—տեղ էլ ակտիվացվել են էլեկտրոնային սարքերը: Բացահայտվել են նաեւ գործառույթների չկատարման եւ կամայական փոփոխությունների փաստեր։ Ընտրատեղամասերից մեկում քարտուղարը չի ներկայացել։ ՎԵԻԱ—ի դիտորդների տվյալներով` ուշացումով են բացվել մի քանի ընտրատեղամասեր, հետեւաբար քվեարկությունը նույնպես ուշ է սկսվել։
Քվեարկության ընթացքում բացահայտվել են ե՛ւ սարքերի անսարքություն, ե՛ւ քվեարկության գաղտնիության խախտում։
Մասնավորապես, Ռուսթավիի մարզի 27-րդ ընտրատեղամասում գրանցող անձը քվեաթերթիկի փոխարեն ընտրողին ցույց է տվել մի թերթիկ, որտեղ 41 թվի դիմաց գունավորված է եղել, եւ ընտրողներին հրահանգել է նույն կերպ գունավորել քվեաթերթիկը։
Էական խնդիրներ են առաջացել էլեկտրոնային սարքերի ճիշտ աշխատանքի եւ գրանցողների կողմից ստուգող մեքենայի ոչ ճիշտ օգտագործման առնչությամբ։ Գրանցողները սարքի մեջ սխալ են տեղադրել նույնականացման քարտերը, եւ դրա պատճառով տվյալները մուտքագրել են ձեռքով։
Նինոծմինդայի 3-րդ տեղամասում ընտրողը մոտեցել է գրանցողներից մեկին, այդ ժամանակ սարքը տվել է հատուկ ազդանշան, իսկ մյուսը նման ազդանշան չի տվել, որից հետո գրանցվել է։ Ըստ ՎԵԻԱ—ի դիտորդների՝ Մառնեուլիի 35-րդ տեղամասում անձը, որը, ենթադրաբար, «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ է, երկու անգամ է քվեարկել։
Բացահայտվել են երկու քվեաթերթիկ հանձնելու փաստեր Գլդանիի 13-րդ, Իսանիի 41-րդ, Ծալենջիխայի 5-րդ, Քութաիսիի 13-րդ ընտրատեղամասերում եւ Փոթիում։
Բացահայտվել է ՎԵԻԱ—ի դիտորդի գործունեությանը միջամտելու մի քանի փաստ։ Մասնավորապես, Վակեի թաղամասի 66-րդ տեղամասում դիտորդին թույլ չեն տվել ընտրատեղամաս մտնել եւ խնդրել են վկայականի վրա թաց կնիք ունենալ։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հետ քննարկումից հետո նրան թույլ են տվել մտնել տեղամաս։ Կրծանիսիի 21-րդ թաղամասում դիտորդին թույլ չեն տվել դիտարկել եւ ազատ տեղաշարժվել։ Լագոդեխիի երրորդ թաղամասում դիտորդին թույլ չեն տվել գրառում կատարել գրանցամատյանում։ Խոնիի 3-րդ թաղամասում դիտորդին թույլ չեն տվել լուսանկարել էլեկտրոնային սարքից դուրս եկող զրոյական կտրոնը։ Սամգորիի 55-րդ տեղամասում դիտորդին, իր կամքին հակառակ, թույլ են տվել մասնակցել շարժական քվեատուփին հետևող մարդկանց վիճակախաղին։ Քութաիսիի 49-րդ տեղամասում հանձնաժողովի նախագահը ընդգծված ագրեսիվությամբ է դիմել ՎԵԻԱ—ի դիտորդին, նրան ազատ դիտարկելու հնարավորություն չի տվել, ինչից հետո դիտորդը հեռացվել է տեղամասից։
Ինչ վերաբերում է պարագծի խախտումներին, ապա շարունակվում է նախորդ տարիների միտումը. արտաքին պարագծում համակարգողների եւ ընտրատեղամասի շենքից 100 մետր հեռավորության վրա մարդիկ են կուտակվում։
ՎԵԻԱ—ի դիտորդի տեղեկություններով՝ Փոնիչալայի թիվ 21 ընտրատարածքի մոտ՝ 25 մետր շառավղով, տեղադրված է «Վրացական երազանք» կուսակցության քարոզչական նյութը։ ՎԵԻԱ—ի դիտորդը դիմել է ՆԳՆ՝ փաստին արձագանքելու համար։ Խախտումն ամբողջությամբ չի վերացվել։ Նման դեպք եղել է նաեւ Չոխատաուրիի առաջին ընտրատեղամասի մոտ։
Արտերկրում հիմնականում հայտնաբերվել են ընթացակարգային խախտումներ։ Ֆինլանդիայում վիճակախաղը տեղի է ունեցել քվեարկության օրը, մինչդեռ Բրատիսլավայում քվեատուփերը նախապես են կնքվել։ Վիլնյուսի, Մյունխենի, Մադրիդի եւ Պրահայի ընտրատեղամասերը բացվել են ուշացումով։
Հաղորդվում է նաեւ, որ «Վրացական երազանք» կուսակցությունը տեսախցիկներ է տեղադրել ընտրատեղամասերում։
Տիրուն Բիչախչյան
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ