Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհավորական ուղերձներ են հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի առթիվ։
Վարչապետ Փաշինյանը, «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը ուղերձում բնութագրելով որպես «տպավորիչ», նշել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։
Հաջորդիվ ՀՀ վարչապետը հույս է հայտնում, որ Վրաստանում իշխող ուժի առաջնորդության առաջիկա տարիների ընթացքում եւ երկու երկրների կառավարությունների համատեղ ջանքերի շնորհիվ անշեղորեն կզարգանա ու կընդլայնվի Հայաստանի ու Վրաստանի փոխգործակցությունը։
«Մեր երկրների միջեւ հաստատված ռազմավարական գործընկերությունը շոշափելի հնարավորություններ է ստեղծում ընդհանուր մարտահրավերներին համատեղ դիմակայելու եւ մեր տարածաշրջանն ավելի կայուն, անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար»,-ասվում է Փաշինյանի ուղերձում։
Ադրբեջանի նախագահ Ալիեւն էլ ուղերձում վստահություն է հայտնել, որ Վրաստանի քաղաքացիները այս քվեարկությամբ իրենց աջակցությունն են արտահայտել զարգացմանը, կայունությանը եւ ավանդական արժեքներին:
Ալիեւը նույնպես համոզմունք է հայտնել, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն Ադրբեջան-Վրաստան հարաբերությունների շարունակական զարգացմանը, որոնք, իր բնութագրմամբ, «բխում են պատմականորեն բարեկամության, եղբայրության եւ հարեւանության ոգով ապրող երկու ժողովուրդների կամքից», ինչպես նաեւ Հարավային Կովկասում եւ ավելի լայն տարածաշրջանում երկրների հեղինակության բարձրացման անհրաժեշտությունից։
Հաջորդիվ Ալեիւը Կոբախիձեին նաեւ հրավիրել է պաշտոնական այց կատարել Ադրբեջան՝ քաղաքական երկխոսությունը շարունակելու համար։
Ադրբեջանի նախագահը նաեւ համոզմունք է հայտնել, որ Բաքուն եւ Թբիլիսին կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել ռազմավարական գործընկերության եւ երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը շարունակելու համար, որը, ըստ Ալիեւի, կծառայի երկու երկրների ու ժողովուրդների բարօրությանը, ինչպես նաեւ տարածաշրջանի բարգավաճմանն ու անվտանգությանը։
Նշենք, որ արդեն այսօր Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ նախօրեին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ընտրատեղամասերում արձանագրությունների 99 %-ի հաշվարկներից հետո «Վրացական երազանքը» ստացել է 54 % քվե։