Հոկտեմբերի 28-29-ին Վրաստան կայցելի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Այս մասին հաղորդել է Վրաստանի կառավարությունը:
Վարչապետ Իրակլի Կոբախիձեի գրասենյակը նշել է, որ նա եւ Օրբանը հանդիպումների շարքի ավարտին հանդես կգան մամուլի հայտարարություններով։
Շաբաթ օրը Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Օրբանը առաջինը շնորհավորեց իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հաղթանակի կապակցությամբ: Նա շնորհավորել էր դեռ այն ժամանակ, երբ ընտրությունների առաջին պաշտոնական արդյունքները հրապարակված չէին։
Հունգարիայի վարչապետը համարվում է «Վրացական երազանքի» հիմնական դաշնակիցներից մեկը, որը վրացական ընդդիմությունը որակում է որպես պրոռուսական կուսակցություն։ Անձամբ Օրբանը համարվում է Կրեմլին բարեկամ եվրոպական առաջնորդ՝ Արեւմուտքի հետ փոխհարաբերություններում դրսեւորած սկեպտիկության պատճառով։
«Վրացական երազանք» կուսակցությունը տոնում է իր հաղթանակը իր քաղաքական ընդդիմադիրների կտրուկ քննադատության ֆոնին։ Ընդդիմությունը հայտարարում է խախտումների մասին, չի ճանաչում պաշտոնական արդյունքները եւ պատրաստ է դուրս գալու բողոքի ցույցերի։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը հայտնի է որպես ՆԱՏՕ-ի եւ Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականության հետեւողական կողմնակից, ընտրություններն անվանել է «ամբողջովին կեղծված»։