Վրաստանում հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների օրը «մթագնել էր անհավասար պայմաններով, ճնշումներով եւ լարված մթնոլորտով»։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ), ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի (ՆԱՏՕ ԽՎ) եւ Եվրոպական խորհրդարանի համատեղ հայտարարության մեջ։
Չնայած որ դիտորդները նշել են քվեարկության գործընթացի լավ կազմակերպվածության մասին, միեւնույն ժամանակ նրանք նաեւ ընդգծել են, որ առկա «լարված մթնոլորտն» ու «անհավասար պայմանները» խարխլում են ընտրությունների արդյունքների նկատմամբ վստահությունը։ Համատեղ հայտարարության համաձայն՝ Վրաստանում ընտրական գործընթացը բավարար չափով չի համապատասխանել միջազգային ժողովրդավարական սկզբունքներին։
ԵԱՀԿ-ն նաեւ դատապարտել է ձայների գնման, կրկնակի քվեարկության, ֆիզիկական բռնության եւ սպառնալիքների վերաբերյալ արձանագրված դեպքերը։
Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անտոնիո Լոպես-Իստուրիս Ուայթը Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ընտրությունների նախաշեմին օգտագործել է թշնամական հռետորաբանությունը եւ «ռուսական ապատեղեկատվությունը», ինչպես նաեւ քվեարկության «վարկաբեկման ու մանիպուլյացիայի» փորձերի վերաբերյալ տարատեսակ դավադրության տեսություններ առաջ քաշել։
ԵԱՀԿ առաքելության ղեկավար Պասկալ Ալիզարն էլ դրական է գնահատել ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշն ու տարբեր քաղաքական կուսակցություններից բազմաթիվ դիտորդների ներկայությունը , ինչը, նրա կարծիքով, ժողովրդավարական համակարգի աճի եւ զարգացման նշան է։ «Ժողովրդավարությունը, անկասկած, զարգացման գործընթացի մեջ է»,- նշել է Ալիզարը։
Հիշեցնենք, որ Վրաստանի ԿՀԸ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանք»-ն ունի ձայների 53,92 տոկոսը, իսկ չորս ընդդիմադիր կուսակցությունները՝ ընդհանուր առմամբ 37,786 տոկոսը։
- «Վրացական երազանք»՝ 53,92 տոկոս,
- «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,037 տոկոս,
- «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,164 տոկոս,
- «Ուժեղ Վրաստան»՝ 8,814 տոկոս,
- «Վրաստանի համար»՝ 7,771 տոկոս: