Միջազգային դիտորդները չեն ճանաչել ընտրությունների արդյունքները որպես ազատ եւ արդար, ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։
Պետքարտուղարն ընդգծել է, որ 2004 թվականից ի վեր Վրաստանում ամրապնդվել է ժողովրդավարությունը, իսկ 2024 թվականի ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը, նրա խոսքերով, «ապացուցել է, որ վրաց ժողովուրդը պաշտպանում է ժողովրդավարական սկզբունքները»։
«2024 թվականին միջազգային եւ տեղական դիտորդները արձանագրել են այնպիսի ընտրական մթնոլորտ, որը բնութագրվում է իշխող կուսակցության կողմից հանրային ռեսուրսների չարաշահմամբ, ձայների գնմամբ եւ ընտրողների ահաբեկմամբ, ինչը ստեղծել է անհավասար խաղադաշտ եւ խաթարել է հասարակության եւ միջազգային վստահությունը արդար արդյունքի հնարավորության նկատմամբ։ Թեեւ միջազգային եւ տեղական դիտորդները համաձայնել են, որ ընտրությունների օրը, ընդհանուր առմամբ, լավ կազմակերպված էր, մենք արձանագրում ենք խախտումների եւ պատահական բռնությունների մասին հաղորդումներ: Միջազգային դիտորդները չեն ճանաչել ընտրությունների արդյունքները որպես ազատ եւ արդար։ Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները եւ աջակցում ենք միջազգային եւ տեղական դիտորդների կոչերին՝ ընտրություններին առնչվող բոլոր արձանագրված խախտումների ամբողջական ստուգման վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։
Հաջորդիվ Բլինքենը Վրաստանի քաղաքական առաջնորդներին կոչ է արել հարգել օրենքի գերակայությունը, չեղյալ համարել հիմնարար ազատությունները խաթարող օրենսդրությունը եւ համատեղ աշխատել ընտրական գործընթացի թերությունները շտկելու ուղղությամբ։
«Վրաստանի եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրման նպատակները, որոնք ամրագրված են երկրի Սահմանադրությամբ, կառավարությունից պահանջում են հարգել քաղաքացիական հասարակության անդամների իրավունքները եւ Վրաստանի բոլոր քաղաքացիների հիմնարար ազատությունները»,- ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում: