Գյումրիում րոպե առ րոպե սպասում էին քաղաքային իշխանության, մասնավորապես քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականին:
Հոկտեմբերի 12-ից, երբ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվեց Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին, այնուհետեւ՝ Գյումրու նախկին եւ ներկա փոխքաղաքապետները, քաղաքում լուրեր տարածվեցին, որ քաղաքային իշխանության «վերջը եկել է»:
Ըստ քրեական վարույթի՝ մեղադրանքի հիմք է եղել այն, որ Բալասանյան ընտանիքը Ղարսի խճուղի 2/8 հասցեում գտնվող հատուկ պահպանվող, պատմական եւ մշակութային արժեքների՝ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող 1 հեկտար հողամասը օրինական գործունեության քողի ներքո 2016 թվականի դեկտեմբերին ձեւական առք ու վաճառքի պայմանագիր կնքելու միջոցով յուրացրել են:
Թեեւ ձերբակալվածները գրավի դիմաց ազատ արձակվեցին, քաղաքում կրքերը չհանդարտվեցին: Գյումրու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում իրար հետեւից հրաժարականների դիմումներ ներկայացրին «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ընտրացուցակում ընդգրկված ավագանու անդամները:
ՔՊ կուսակցությունն արդեն քաղաքապետի իր թեկնածուն ունի՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը:
Րոպեներ առաջ Գյումրին ընդգրկող թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի տեղեկություններով ստացել են ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ:
Առաջիկա արտահերթ ընտրությունները կկայանան 2025 թվականի ամռանը:
Հիշեցնենք, որ «Բալասանյան դաշինքը» քաղաքի կառավարումը ստանձնել էր 2021 թվականին ՏԻՄ ընտրություններում, որի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիրը» չկարողացավ Գյումրիում քաղաքային իշխանության գալ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։