Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը հայտնել է, որ առաջիկայում սպասվում է գերիների եւ անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Շատ հնարավոր է առաջիկայում նման հանդիպում կազմակերպվի: Թվեր չհնչեցնեմ, բայց առաջիկայում շատ հնարավոր է, որ տեղի ունենա հանդիպում հանձնաժողովների կազմով»,- նշել է Աբազյանը՝ հավելելով, որ ժամկետների եւ վայրի վերաբերյալ որոշում չկա:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում այժմ գերության մեջ է 23 հայ, նրանցից 8-ը Արցախի նախկին քաղաքական ու ռազմական ղեկավարությունն է։ Պաշտոնական տվյալներով՝ 2020-ի պատերազմից հետո անհետ կորած է համարվում 195 անձ, նրանցից 175-ը՝ զինծառայող, 20-ը՝ խաղաղ բնակիչ։
Անդրադառնալով նաեւ հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմանների պահպանությանը՝ ԱԱԾ տնօրենը նշել է․ «Նախնական պայմանավորվածություն կա, որ Ագարակի սահմանային վերահսկողության կետում ամբողջական սահմանային ծառայությունն իրականացվի Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կողմից, իսկ ընդհանուր սահմանի հայ-իրանական համատեղ ծառայության վերաբերյալ այս պահին տեղի են ունենում քննարկումներ»:
Հարցին՝ Հայաստանն ի վիճակի՞ է հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմաններին միայնակ իրականացնել ծառայություն, Աբազյանն արձագանքեց. «Փուլային տարբերակով, այո, բայց ներկայում նման որոշում չկա»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությունը նաեւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի մասնակցությանը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերին փոխանցելու վերաբերյալ։