Երեկ աշնանային հրաշալի եղանակ էր: Այսօր էլ նույնն է վաղ առավոտից, հոկտեմբերյան ջերմ արեւ է, երկնքի կապույտի մեջ մի ծվեն ամպ չի երեււմ: Այս եղանակին սիրում եմ քայլել մեր գյուղի դաշտերով, անտառափեշի մամուխ ու մասուր հավաքել, հոն ու սինձ փնտրել կիսատերեւ ծառերի վրա:
Մի քանի ժամ քայլեցի Հայաստան-Ադրբեջան սահմանի բերանով: Մեր գյուղի դաշտերը սահմանին են: Հաղթանակած, թե պարտված-նվաստացած՝ միշտ խաղաղություն եմ փնտրում, որովհետեւ աշխարհագրությունը չես կարող փոխել:
Մեր գյուղը՝ Դովեղը, բարձունքում է, իսկ հարեւան Քեմեռլին՝ Քուռ գետի ստորոտում, եւ անզեն աչքով տեսնում ես, որ ադրբեջանական դաշտերը վարված ու ցանված են: Հենց սահմանի բերանից, նրանք մի կտոր անմշակ հող չեն թողել: Հակառակը՝ սահմանից այս կողմ վարված, հերկված, ցանված մի կտոր հող չտեսա: Գրեթե նույնն է պատկերը սահմանային մեր մյուս գյուղերում:
Մեր գյուղացիները հողը մշակում էին անգամ Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին, երբ, իրավամբ, վտանգավոր էր մոտենալ սահմանին: 2014-ից, երբ դիվերսիոն պատերազմ էր ընթանում սահմանի տավուշյան հատվածում, մարդիկ վերջնականապես դադարեցին հող մշակելուց:
Պատճառները բազմաթիվ են, բայց որեւէ արդարացում չի կարող լինել, թե ինչու հայ գյուղացին հրաժարվել է հող մշակելուց: Սեփականաշնորհված հողի տերերի մի մասը վաղուց հեռացել է գյուղից. մեկը՝ Երեւան, մյուսը՝ Մոսկվա ու Ռուսաստանի այլ քաղաք, անգամ՝ Ամերիկա: Նրանց հողերը անտեր են մնացել:
Գյուղացիների մի մասը ուղղակի չի կարողանում մշակել հողը, որովհետեւ նրանց երեխաները հեռացել են տնից՝ ավելի լավ աշխատանքի փնտրտուքով, ոռոգելու ջուր չկա, ժամանակակից տեխնիկա չկա:
Հողի սեփականաշնորհումը Հայաստանի անկախության օրերին, անկասկած, ճիշտ քայլ էր, բայց այսօր անթույլատրելի է, երբ վարելահողերից զուրկ Հայաստանում հողն անմշակ է: Հայաստանում հողերի մոտ հիսուն տոկոսը չի մշակվում: Պետությունը, հարգելով բոլորի սեփականության իրավունքը, պարտավոր է լուծումներ գտնել: Եթե գյուղացին քսան, երեսուն տարի հողը չի մշակում, ուրեմն նա հողի կարիք չունի՝ անկախ արդարացումներից ու բացատրությունից:
Մենք միշտ տենչում ենք մեծ Հայաստան, ավելի մեծ Հայաստան, ծովից ծով Հայաստան, բայց փոքր, ա՛յս Հայաստանի հողը չենք մշակում: Մենք խոսում ենք պարենային անվտանգությունից, բայց անմշակ ենք թողնում մեր դաշտերը:
Շաբաթներ առաջ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Խաղաղության խաչմերուկ» թեմայով համաժողովում ասել է. «Մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի։ Ցորենը կարող է ռազմավարական ապրանք լինել, բայց ինչ-որ մի պահի մենք կարող ենք անցնել բրնձի եւ փոխել մեր հարմարվողականությունը եւ ունենալ բրինձը՝ որպես ռազմավարական ապրանք»:
Երբ հողը չես մշակում, ի՜նչ տարբերություն՝ բրինձ, թե ցորեն:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։